Գավառի միջադեպերի գործով հայտնաբերվել է դեպքին մասնակից անձանց ավտոմեքենաներից 10-ը, զենքերից՝ 2-ը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Գավառում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ:

Նշված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ, այս պահի դրությամբ, մեղադրանք է առաջադրվել 23 անձի, 4-ի վերաբերյալ որոշում է կայացվել նրանց ձերբակալելու մասին: Նրանցից 1-ին մեղադրանք է առաջադրվել՝ 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 6-րդ, 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գավառ քաղաքի Ազատության փողոցում տեղի ունեցած միջադեպի ընթացքում առերևույթ սպանության փորձերի համար: Վերջինս կալանավորվել է։

Բացի դրանից՝ մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են միջադեպին և փոխհրաձգությանը մասնակցած անձանց ավտոմեքենաներից 10-ը, որոնք խուզարկվել են և դրանցով նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Հայտնաբերվել է նաև դեպքի ժամանակ նշված անձանց մոտ գտնված զենքերից 2-ը, որոնցով ևս փորձաքննություններ են նշանակվել:

Հիշեցնենք, որ վերը նշված դեպքերի առթիվ հարուցվել էին քրեական գործեր։ Նախաքննությունը շարունակվում է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ