![]()
Մասնագետները պնդում են, որ ռետինե ձեռնոցներից ավելի շատ վնաս կա, քան օգուտ, հայտնում է DW-ն:
Դրանք ապահովում են կարճաժամկետ պաշտպանություն
Թեպետ բժիշկներն ու ամբողջ բժշկական անձնակազմն իրենց աշխատանքում մշտապես օգտագործում են մեկանգամյա ձեռնոցներ, սակայն նրանք ձեռքերը պաշտպանում են միայն աղտոտող նյութերից, օրինակ՝ արյունից և այլ կենսական հեղուկներից: Մանրէներից և վարակներից ձեռնոցները պաշտպանում են միայն շատ կարճ ժամանակով:
Բանն այն է, որ ձեռնոցները պատրաստված են ծակոտկեն նյութից: Հետևաբար, որքան երկար եք դրանք կրում, այնքան ավելի հեշտ կարող են ներթափանցել հիվանդածին միկրոօրգանիզմները: Սա այն պատճառներից մեկն է, որ բժիշկները, մեկանգամյա ձեռնոցներ օգտագործելուց հետո, ձեռքերը մանրակրկիտ լվանում և ախտահանում են:
Ստերիլության կեղծ զգացողություն
Վինիլից, լատեքսից կամ նիտրիլից պատրաստված մեկանգամյա ձեռնոցները ստեղծում են ստերիլության զգացողություն, բայց այդ տպավորությունը ծայրաստիճան մոլորեցնող է: Թեև շատ մարդիկ, ձեռնոցներ կրելով, ավելի զգույշ են, որպեսզի չդիպչեն դեմքին, նրանք հաճախ պատահաբար անում են դա:
Ձեռնոցները հանելուց հետո բժիշկները ամեն անգամ մանրակրկիտ լվանում են ձեռքերը:
Ավելին, բժիշկները նախազգուշացնում են, որ ձեռնոց կրելը նույնիսկ կարող է մեծացնել վարակի վտանգը: Մեկանգամյա ձեռնոցներով մաշկը սկսում է շատ արագ քրտնել: Իսկ տաք ու խոնավ միջավայրն իդեալական է ամեն տեսակի բակտերիաների և վիրուսների համար:
Գերմանացի բժիշկ Մարկ Հանեֆելդը Twitter-ում և Facebook-ում կոչ է անում մարդկանց դադարեցնել առօրյայում բժշկական ձեռնոցներ կրելը: «Ձեռնոցի տակ ջերմ և խոնավ միջավայրում մանրէները շատ հեշտ բազմանում են: Ձեռնոցները հեռացնելուց հետո ձեր ձեռքերի վրա կստեղծվի իսկական կեղտոտ միջավայր»,- գրել է Հանեֆելդը:
![]()