ԱՄՆ-ն սկսել է կորոնավիրուսը բուժող դեղամիջոցի մատակարարումը հիվանդանոցներին

ԱՄՆ կառավարությունը սկսել է երկրի՝ կորոնավիրուսից ամենաշատ տուժած նահանգներին վարակի բուժման համար արդյունավետ ճանաչված «Ռեմդեսիվիր» դեղամիջոցի մատակարարումը, հայտնում է scmp.com կայքը։

Աղբյուրը մանրամասնում է, որ երկրի Առողջապահական և սոցիալական ծառայությունները կորոնավիրուսով հոսպիտալացված մոտ 78 000 հիվանդի բուժման նպատակով մոտ 600 000 սրվակ դեղամիջոց են ուղարկել Նյու Ջերսի, Իլինոյս, Միչիգան և երեք այլ նահանգ:

Նշվում է, որ դեղամիջոցի առաքման գործընթացը սկսվել է դեռևս հիգշաբթի և կշարունակվի հաջորդ երկու շաբաթվա ընթացքում։ Հայտնի է, որ ամերիկյան Gilead Sciences կենսադեղագործական ընկերությունը ծրագրում է նաև ամբողջ աշխարհով այս դեղամիջոցից 900 000 սրվակ բաժանել։

Վերջերս ԱՄՆ դեղորայքի և սննդի որակի սանիտարական վերահսկման վարչությունը թույլ է տվել նոր տեսակի կորոնավիրուսի բուժման համար «Ռեմդեսիվիր» դեղամիջոցի կիրառումը։ Նշվում է, որ սա առաջին դեղամիջոցն է, որը կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում դրական արդյունք է ցույց տվել:

Ըստ պետական ֆինանսավորմամբ անցկացված հետազոտության արդյունքների՝ այս դեղամիջոցի կիրառումը 31%-ով կրճատում է կորոնավիրուսից ապաքինման ժամանակահատվածը, ինչը միջինում կազմում է չորս օր:

1063 հիվանդի հետազոտության արդյունքում պարզվել է, որ դեղամիջոցն ընդունած հիվանդները, ի տարբերություն այն չստացածների, չորս օրով պակաս՝ 11 օր են անցկացրել հիվանդանոցում: Այնուհանդերձ, դեղամիջոցի կողմնակի ազդեցության մասին տեղեկություններ դեռևս չկան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ