Կարեն Կարապետյանը մանրամասնում է, թե ինչու էր միջնորդել փոխել Քոչարյանի խափանման միջոցը

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ է միջնորդություն ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար:

«Ես միջնորդության մեջ ֆիքսել եմ դա, ինձ թվում է՝ տրամաբանությունը պարզ է, հետևյալն է: Ես, ինչպես շատերը, չափազանց շահագրգռված եմ, որ մարտի 1-ի հետ կապված՝ հասարակության մեջ ձևավորված հարցադրումներին տրվի մաքսիմալ պատասխան, որ բաց կողմ չլինի, և այն համապատասխան նստվածք չթողնի: Երկրորդը, ես հարգում եմ և գնահատում եմ Ռոբերտ Քոչարյանի ներդրումը և ավանդը Արցախի Հանրապետության և ՀՀ անկախության և կայունացման գործընթացում»,- ասաց նա:

Իբրև երրորդ պատճառ՝ Կարապետյանը նշեց, որ գրեթե երկու տարի է՝ այս դատական պրոցեսը տևում է և հավանական է, որ շատ երկար ժամանակ դեռ կարող է տևել, ուստի միջնորդել է, որ խափանման միջոցը փոխվի:

Հարցին՝ արդյո՞ք այս պրոցեսը քաղաքական է, և ինքը հասարակության արձագանքից չի՞ վախենում, նախկին վարչապետը պատասխանեց.

«Այս պրոցեսը բավական գրգռված և քաղաքականացված է: Ինչպես կգնահատեն իմ քայլը՝ ես հիմնավորել եմ, կարծում եմ՝ յուրաքանչյուրն իր տեսակետը հայտնելու իրավունք ունի, չէ՞: Ոչ մեկը չի ասում՝ անմեղացրեք մեղավորին, մենք ընդամենը ասում ենք՝ պրոցեսը կատարեք այլ կերպ, խափանման միջոցը փոխելով»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ