Լարված իրավիճակ Տավուշի մարզում. ի նշան բողոքի նախկին պատգամավորի դեմ՝ գյուղացիները փակել են ճանապարհը

Արդեն 1 ժամից ավելի է, Երևան-Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 120-րդ կմ հատվածում լարված իրավիճակ է ստեղծվել: Shamshyan.com-ը հայտնում է, որ Խաշթառակ գյուղի բնակիչները՝ ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և պահանջում են, որպեսզի ժամանի Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

Բողոքի ակցիայի մասնակիցներն ասում են. «Տևական ժամանակ է, պահանջում ենք, որպեսզի պատկան մարմինները վերջ դնեն Ազգային ժողովի նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի կողմից Աղստև գետի հերն անիծելու գործին: Մարդ ինչքան պետք է անկուշտ ու ագահ լինի, որ բնության հերն անիծի, ինչ է, թե մի քանի կոպեկ ավել փող տանի: ՀԷԿ ես կառուցել, լավ ես արել բայց ինչի՞ բնակիչների, գյուղացիների ու բնության հաշվին: Բազմիցս դիմել ենք իրավասու մարմիններին, սակայն սայլը տեղից չի շարժվում: Այսօր ստիպված ենք փակել ճանապարհը, որովհետև տեսնում եք, թե Խ. Քոքոբելյանի շնորհիվ ինչպես է Աղստև գետը լցվում «Գետափ» հանգստյան գոտու տարածք՝ ողողելով անգամ շենք-շինություններն ու խաղահրապարակները: Ուզում ենք այս քայլով պատասխանատուների քար անտարբերությունը կոտրենք, որպեսզի իրավիճակի մասին տեղեկանան նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, թե չէ մարզպետից հույս չկա, նա միայն լավ ճառ է ասում՝լրիվ մկների ժողովի նման՝ ճառ է ասում, բայց զանգ չի կախում»:

Կայքը հայտնում է, որ խցանումը անցնում է մի քանի կիլոմետրն ու հիմա բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցություններ են վարում ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակտար Կամո Ցուցուլյանն ու ոստիկանության Իջևանի բաժնի պետ Կարեն Հակոբյանը: Տեղում են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ