![]()
Տավուշի մարզի սահմանամերձ Սարիգյուղի բնակիչ Դավիթ Եգանյանն ընդամենը 23 տարեկան է: Չնայած երիտասարդ տարիքին արդեն հասցրել է ընտանիք կազմել, սեփական փոքրիկ բիզնեսը հիմնել և դառնալ «Մեր ժամանակների հերոսը» ծրագրի մասնակիցներից մեկը: Այս ամենին զուգահեռ Դավիթը նաև սովորում է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում՝ ապագա պատմաբան է:
Սարիգյուղում Մ4 միջպետական ճանապարհին գտնվող «Մելիք Եգան» թոնրատունը անտարբեր չի թողնում ոչ մի անցորդի՝ առաջարկելով թարմ ու բնական հումքից պատրաստված հացաբուլկեղեն:

Դավիթի մասին իր ելույթներում խոսել է անգամ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ որպես օրինակ այն երիտասարդի, ով մնացել է իր գյուղում ՝ստեղծելով կայուն եկամտի աղբյուր ոչ միայն իր, այլև մի քանի այլ ընտանիքների համար:
«Երբեք չեմ մտածել թողնել գյուղս: Տան միակ զավակն եմ: Որոշեցի մնալ և շենացնել իմ գյուղը: Սարիգյուղում մոտ 30 տարի է՝ չկար հացի արտադրամաս: Գյուղ հացը բերում էին հարակից համայնքներից: Բանակից վերադառնալով՝ դիմեցի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին՝ «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրում ընդգրկվելու համար։ Հավանություն տվեցին իմ ծրագրին ու օգնեցին սարքավորումներ ձեռք բերել և հիմնել իմ հացի արտադրամասը»,- պատմում է Դավիթը:
Բիզնես գաղափարը իրականացնելու ճանապարհին Դավթի կողքին կանգնած են եղել ընտանիքը, ծնողները, մեծ դեր են ունեցել նաև ընկերները:
«Տեղական շուկան սպառողներին առաջարկում է բազմաթիվ ու տարատեսակ հացաբուլկեղեն: Մենք առաջարկում ենք բոլորից տարբերվող ու առանձնահատուկ բաղադրությամբ հաց և հացաբուլկեղեն: Հացին յուրահատուկ համ ու հոտ տալու համար մենք հացը թխում ենք փայտով փռի մեջ»,- գաղտնիք է բացում Դավիթը:
Թոնրատունն իր հաճախորդներին է առաջարկում ծաղկային տեսքով բուլկիներ, որի բաղադրատոմսը գաղտնի է պահվում: Այս բուլկիները համարվում է «Մելիք Եգան» թոնրատան բրենդը:
Դավիթը հումքը ձեռք է բերում տեղական փոքր տնտեսվարողներից՝ փորձելով դրանով աջակցել փոքր բիզնեսին:
Դավիթն ինքն է գյուղեր առաքում հացը՝ հատուկ մեքենայով: Թոնրատան սպառողները, հիմնականում, Իջևանի համայնքերն են.
«Մեքենա ձեռք եմ բերել նույն ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջոցով, որը համապատասխանում է սանիտարական բոլոր նորմերին: Ես ինքս եմ գյուղերով առաքում հացը»,- հպարտանում է Դավիթը:
Վերջերս թոնրատունը սկսել է արտադրել նաև սև հաց՝ ամբողջությամբ բնական հումքից.
«Սև հացը մաքուր, բնական հումքից ենք ստանում, սև այլուրից: Պատրաստում ենք թթխմորով, առանց հավելումների»,- մանրամասնում է Դավիթը:
Ապագայի հետ կապված մեծ անելիքներ ու նոր մտքեր ունի մեր ժամանակների հերոսը, որոնց իրականացման ճանապարհին է.
«Շուտով մեր սպառողներին կառաջարկենք կիսաֆաբրիկատ խմորներ: Փորձում ենք մեծացնել հացաբուլկեղենի տեսականին: Թոնրատանը կից ցանկանում եմ արագ սննդի սպասարկման կետ կառուցել: Այս տարի որոշել եմ զբաղվել նաև գյուղատնտեսությամբ, հիմնականում, ցորենի մշակմամբ, որպեսզի կարողանամ սեփական հումքից ստանալ հացաբուլկեղենը»,- պատմում է Դավիթը:
Դավիթը օր օրի ավելի է կապվում ու սիրում իր հայրենի գյուղը: Կյանքը չի պատկերացնում իր ծննդավայրից հեռու: Ասում է, եթե գյուղում խնդիր կա, հենց իրենք պետք է լուծեն այն, շենացնեն ու զարգացնեն իրենց համայնքը՝ դարձնելով այն ավելի բարեկեցիկ:
![]()
![]()