![]()
Երեկ երեկոյան, զինված ավազակային հարձակում է եղել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի ընտանիքին պատկանող ջերմոցային տնտեսության պահակակետի վրա, որը գտնվում է Տավուշի մարզի Աչաջուր համայնքում։ Կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը «Հրապարակին» հայտնեց, որ զինված հարձակում գործողները եղել են հինգ հոգի,4-ը զինվորական հագուստով,մեկը՝ քաղաքացիական։
Ոստիկանությունից քիչ առաջ հայտնել են, որ մեկ անձ, ըստ ամենայնի, պայմանագրային զինծառայող բերման է ենթարկվել, մյուսներին փնտրում են։ Սա նրա պատասխանն էր հարցին, թե արդյոք հարձակվողները եղել են Աչաջրից և դիմակավորվա՞ծ։«Բայց հրազեն օգտագործվել է, բայց փառք Աստծո, վնասվածքները մարմնական են»,-ասաց ԱԴ փոխնախագահը։
Անժելա Խաչատրյանի տեղեկացմամբ՝ տուժողները չեն ճանաչել հարձակվողներին։ Ըստ պատմածի՝ խումբը նախ հարձակվել է անվտանգության աշխատակցի վրա, փորձել են նրան հանել պահակակետից, սակայն նա կարողացել է արագ ահազանգել սեփականատերերին՝ Քոքոբելյաններին և ոստիկանությանը: Քոքոբելյանները ժամանել են այն պահին, երբ հարձակվողները փորձել են պատուհանից դուրս քաշելով հանել անվտանգության աշխատակցին»: Քոքոբելյանները ՝ Խաչատուր Քոքոբելյանի որդին, նրա եղբայրն ու եղբոր որդին միջամտել են, սկսվել է քաշքշոց։
Միջադեպի ժամանակ հնչել են կրակոցներ, Քոքոբելյանները ստացել են վնասվածքներ, սակայն ոչ հրազենային, նրանց վիճակը հիմա գնահատվում է նորմալ։ Դեպքի վայրում հայտնաբերվել ենպարկուճներ, որոնք առգրավված են։
Քննությունը վարում է ոստիկանությունը և ռազմական ոստիկանությունը։
![]()