![]()
Ավելի վաղ հայտնել էինք՝ Հայաստանի երեք նախկին վարչապետները՝ Կարեն Կարապետյանը, Վազգեն Մանուկյանն ու Խոսրով Հարությունյանը, նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը ներկայացել են ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահի դեմ հարուցված քրեական գործով պաշտպանական խումբը միջնորդում է դատարանին փոխել ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը 4 նախկին վարչապետների անձնական երաշխավորությամբ:
Պաշտպանները միջնորդել են ազատել Քոչարյանին նաև կորոնավիրուսի համավարակը նկատի ունենալով: Քոչարյանն ասել է, որ խցում իր ցանկությամբ մենակ է, կալանավայրի աշխատակիցները դիմակով են, սակայն այդ տարածքում հնարավոր չէ պահպանել սոցիալական հեռավորություն:
«Բացի դրանից՝ ուտելիքը աութսորս են անում դրսից, մեկ այլ մասնավոր ընկերության կողմից, բերում են փաթեթավորված, և որևէ մեկը չի կարող երաշխավորել, ոչ մի թեստավորում չի արվում՝ ով է աշխատում, ով է առաքում: Ես հավաստիացնում եմ Ձեզ, որ կարանտինային պայմանները չեն պահվում, այդ շենքային պայմաններում չկա «վենտիլյացիա»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը:
![]()