![]()
Հաղթելու ենք այնպես, ինչպես մեր պապերը՝ Հայրենականում, մեր հայրերը՝ Արցախյանում, մեր եղբայրները՝ Քառօրյայում, և մենք՝ հեղափոխության ժամանակ
Մայիսը հայոց պատմության ամենապայծառ ամիսն է: Դեռևս հինգերորդ դարում այն հայ ժողովրդին կանգնեցրել է հավատի և ազգային ինքնության կորստի վտանգի առջև:
Հայ ժողովրդի կյանքում ճակատագրական նշանակություն է ունեցել Ավարայրի ճակատամարտը։
1918 թ. մենք արդեն կուլ էինք գնում դաժան ու ոխերիմ թշնամուն, և թվում էր արյունածոր Հայաստանը այլևս փրկվելու ոչ մի հույս չունի… Սակայն Հայոց բանակը, կռվելով աննախադեպ քաջությամբ, Սարդարապատյան ճակատամարտում հաղթեց թուրքական 6-7 անգամ գերակշիռ ուժերին։<<20-րդ դարի Ավարայր>>.այսպես է բնութագրվում Սարդարապատի հերոսական ճակատամարտը: Խախտելով Երզնկայի զինադադարը՝ թուրքերը 1918թ. փետրվարի 10-ին անցան հարձակման:Մայիսի 21-ին թուրքական զորքի մի մասը հարձակվեց Սարդարապատի,մյուս մասը`Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի վրա: Հայ ժողովուրդը ոտքի ելավ: Թուրքերը գլխովին ջախջախվեցին և փախուստի դիմեցին:
Սարդարապատի ճակատամարտը հայ ժողովրդի փայլուն էջերից է: 1918թ.մայիսի 28-ին վերականգնվեց Հայկական պետականությունը, հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը:
ՀՀ հռչակումը 19-րդ դարի 2-րդ կեսի և 20-րդ դարասկզբի հայոց ազատամարտի արդյունքն էր: Վերականգնվեց վաղուց կորսված անկախ պետականությունը: Ընդունվեցին պետական խորհրդանիշները`դրոշը,զինանշանը և օրհներգը,որոնք Հայաստանի 3-րդ հանրապետությունը ժառանգել է՝ որպես պետական խորհրդանիշեր:
Եվ եթե Ավարայրով համայն հայ ժողովուրդը ապացուցեց հավատարմությունը մեր պապերի ավանդներին ու նվիրական զգացումներին, ապա Սարդարապատը եկավ մեկընդմիշտ համոզելու մեր թշնամիներին, որ հայ զինվորը անպարտելի է հայրենի հողը պաշտպանելիս։
Հերթական հաղթանակն ու բերկրալի խաղաղությունը հայոց մայրերին այցելեցին 1945թ. մայիսի 9-ին, մեր սուրը, իրապես «փառքով դրեցինք պատյան», մեծ թվով հայ մարշալների, գեներալների և հերոսների սխրագործությունների, ավաղ նաև բազմահազար զոհերի գնով։
Բայց սրանով չընդհատվեց մայիսյան հաղթանակների շղթան… 1992 թ. մայիսի 9-ին Արցախի քաջորդիները իրենց սուրբ ավյունի և արյան գնով ազատագրեցին հինավուրց հայոց բերդաքաղաքը, անառիկ Շուշին՝ հաստատելով, թե՝
Այնտեղ է միայն սխրանքը ծնվում, երբ վերջանում է ամեն մի հնար։
Կազմավորվեց արցախյան հայոց բանակը, որն արդեն քսան տարի է պահպանում է հայրենիքի սահմանները թշնամու խարդախ ոտնձգություններից։
Քանի դեռ հավերժի հայկական անվանվող երթը շարունակվում է գեղեցիկի ու կատարյալի ձգտման ճանապարհով, ոչ ոք չի կարող խափանել բնականի լուսեղեն ընթացքը։ Յուրաքանչյուր ապրիլի հաջորդելու է մայիսը, իսկ յուրաքանչյուր մայիսի հայ ժողովուրդը տոնելու է իր հիշարժան հաղթանակների օրը՝ ուր էլ որ լինի…
Հաղթանակները ամրացնում են ժողովրդի ոգին ու կամքը, լավատեսություն ու հավատ հաղորդում ապագայի կերտման ճանապարհին…
Միավորվել է պետք հայապահպանման սուրբ նպատակի շուրջ, որ մեր ժողովրդի կյանքում այլևս միայն հաղթանակներ լինեն։
![]()