Ռոբերտ Քոչարյանի պաշտպաները ներկայացրեցին կալանքը վերացնելու միջնորդություն

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ, պաշտպան Հայկ Ալումյանն այսօր դատական նիստի ընթացքում ներկայացրեց նախկին նախագահի խափանման միջոց կալանքը վերացնելու կամ փոփոխելու միջնորդությունը։ Այս մասին հայտնում են երկրորդ նախագահի փաստաբանական խմբից:

Ալումյանը նշեց, որ միջնորդությունը դատարան է ներկայացվել ապրիլի 24-ին, երբ երկրում արդեն կորոնավիրուսային վարակով պայմանավորված արտակարգ դրություն էր հայտարարված։ Պաշտպանը մեջբերեց մարդու իրավունքների հարցերով եվրոպական կառույցների հայտարարություններն ու կոչերը, ըստ որոնց՝ պետական մարմինները պետք է առավել շատ կիրառեն ազատությունից զրկման այլընտրանքային միջոցները, այդ թվում՝ պատժի ժամանակահատվածի կրճատում, պատժից վաղաժամկետ ազատում և փորձաշրջանի կիրառում:

Ալումյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է միաժամանակ մի քանի ռիսկային խմբում, իսկ ներկայում, առողջական խնդիրներով պայմանավորված, բժշկական հսկողության տակ է։ Կից ներկայացվեց «Իզմիրլյան» ԲԿ-ից համապատասխան բժշկական տեղեկանք։

Պաշտպան Արամ Վարդևանյանը ներկայացրեց Ռ․ Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու մասին միջնորդությունը, որը մուտքագրվել էր դատարան ապրիլի 17-ին։ Գրավի չափը թողնվել է դատարանի հայեցողությանը։ Ա․ Վարդևանյանը ներկայացրեց Արդարադատության նախարարության տրամադրած տվյալները, համաձայն որոնց՝ ՔԿՀ-ներում 65 տարեկանից բարձր կա 8 մարդ, իսկ համակցված հիվանդություններով և այդ տարիքի անձանց թիվը 3-ն է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ