![]()
Արյան մեջ պարունակվող խոլեստերինի մակարդակն ու զարկերակային ճնշումը շատ կարևոր ցուցանիշներ են, սակայն ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ ունեն առողջական լուրջ խնդիրներ՝ կապված այդ ցուցանիշների հետ։ Որպես կանոն խոլեստերինի մակարդակը նվազեցնելու և զարկերակային բարձր ճնշումը կարգավորելու համար մարդիկ ընդունում են համապատասխան դեղամիջոցներ, սակայն մասնագետները նշում են, որ կա շատ ավելի հասանելի բնական միջոց այս ցուցանիշները նորմայի սահմաններում պահելու համար։
Ինչպես հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան» («Российская газета»), գիտնականները պարզել են, որ խոլեստերինի մակարդակն ու զարկերակային ճնշումը կարգավորող ամենապարզ ու հասանելի միջոցը կարող են լինել քունջութի սերմերը, ինչը պայմանավորված է դրանց բաղադրության մեջ պարունակվող մի շարք օգտակար տարրերով։
Այս մթերքը հարուստ է մագնեզիումով, վիտամին E-ով ու հակաօքսիդանտներով, որոնք օգնում են նվազեցնել զարկերակային ճնշումը։ Բացի այդ, քունջութի սերմերը հարուստ են մեծ քանակությամբ սպիտակուցներով, ինչը ևս մեծ նշանակություն ունի ճնշման կարգավորման հարցում։ Ընդամենը երեք ճաշի գդալ քունջութի սերմերի մեջ պարունակվում է 5 գրամ սպիտակուց։
Բժիշկների խոսքով՝ զարկերակային գերճնշումը սրտամկանի ինֆարկտի և գլխուղեղի կաթվածի հավանականությունը բարձրացնող լուրջ գործոն է, սակայն այս պարզ մթերքի գործածությունը կօգնի ոչ միայն կարգավորել արյան ճնշումը, այլև բարելավել խոլեստերինի ցուցանիշները, որի բարձր մակարդակը նույնպես նպաստում է սրտանոթային հիվանդությունների զարգացմանը։
Ինչպես բացատրում են փորձագետները՝ քունջութի սերմերը հարուստ են լիգնաններով ու ֆիտոստերոլներով, իսկ այս բուսական միացություններն օգնում են վերահսկողության տակ պահել խոլեստերինի մակարդակը։ Բացի այդ, դրանք պարունակում են մեծ քանակությամբ մանրաթելեր, որոնց գործածությունը պաշտպանում է սրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացումից։ Ընդամենը երեք ճաշի գդալ (30 գրամ) քունջութի սերմերում պարունակվում է մանրաթելերի օրական անհրաժեշտ քանակության 12%-ը, ուստի այն սննդակարգում ներառելը կարող է շատ օգտակար լինել։
![]()