Կառավարությունը 3 մլրդ դրամ հատկացրեց աղետի գոտու 229 ընտանիքի համար բնակելի տներ կառուցելու նպատակով

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց 3 մլրդ դրամ հատկացնել աղետի գոտում՝ Լոռու, Շիրակի եւ Արագածոտնի մարզերում, 229 ընտանիքի համար բնակելի տներ կառուցելու նպատակով։

Հարցը ներկայացրեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը՝ նշելով, որ դեռեւս 2018-ի բյուջեով հատկացված 460 մլն դրամի հաշվին լուծվել է Լոռու մարզի գյուղական բնակավայրերի 44 ընտանիքի բնակարանային խնդիրները՝ բնակարանների կառուցման տարբերակով: Հատկացված միջոցներից կային նաեւ տնտեսումներ, եւ լրացուցիչ 7 ընտանիքի բնակարանային խնդիրը լուծման ընթացքում է:

«2019-ի բյուջեից հատկացված 560 մլն դրամի հաշվին նույնպես այդ մեխանիզմով 61 ընտանքի բնակարանային խնդիր լուծվել եւ լուծման ընթացքում է: 2019-ի ավարտի տվյալներով՝ դեռեւս լուծման կարիք ունի 460 ընտանիքի բնակարանային խնդիր: Հանձնարարեց կառավարությունը, մենք անցկացրինք հարցումներ, եւ պարզվեց, որ 227 ընտանիք նախընտրում է բնակարանի գնման վկայագրի (ԲԳՎ) տարբերակը, եւ կառավարության պահուստային ֆոնդից այդ նպատակով հատկացվեց 1․29 մլրդ դրամ, եւ այդ աշխատանքները մեկնարկեցին, կավարտվեն այս տարի: Այս նախագծով կարգավորվում է մնացած՝ 229 ընտանիքի բնակարանային խնդիրը, որոնցից 13-ը նույնպես նախընտրում է ԲԳՎ: Մնացած՝ 216-ի համար նախատեսվում է կառուցել բնակելի տներ»,- ասաց Ղուլարյանը:

Նա մանրամասնեց, թե նախագծով նախատեսված շուրջ 3 մլրդ դրամը ինչ ձեւով կբաշխվի. «1 մլրդ 868 մլն դրամը կհատկացվի Լոռու մարզի 162 ընտանիքի, որից 153-ը՝ բնակելի տան շինարարություն, իսկ 9-ը՝ ԲԳՎ: 988 մլն դրամը կհատկացվի Շիրակի մարզի 59 ընտանիքի, որից 55-ը՝ բնակելի տուն կառուցելու, իսկ 4-ը՝ ԲԳՎ: 144․3 մլն դրամ էլ կհատկացվի Արագածոտնի մարզի 8 ընտանիքի համար բնակելի տուն կառուցելու նպատակով»,- ընդգծեց Ղուլարյանը:

Ղուլարյանի խոսքով՝ ԲԳՎ-ով բնակարան ձեռք բերելու վերջնաժամկետ է սահմանվել մինչեւ այս տարվա դեկտեմբերի 20-ը, իսկ բնակելի տների շինարարության մասով՝ մինչեւ 2021 թվականի ավարտը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ