![]()
Նիդեռլանդցի և գերմանացի գիտնականներին հաջողվել է սինթեզել փորձարարական մոնոկլոնալ հակամարմին, որը կարող է լաբորատոր պայմաններում հաղթահարել SARS-CoV-2 կորոնավիրուսը։ Այս մասին ասվում է գիտնականների հետազոտության մեջ, որի արդյունքները երկուշաբթի՝ մայիսի 4-ին, հրապարակվել են Nature Communications գիտական ամսագրում։
Նշվում է, որ Ուտրեխտի համալսարանի լաբորատորիայում ստեղծված սպիտակուցներն իրենց ազդեցությամբ նման են այն սպիտակուցներին, որոնք արտադրում են մարդու իմունային բջիջները։ Դրանք փնտրում ու գտնում են պաթոգենի որոշակի հատվածներն ու ներգործում հենց դրանց վրա։
Գիտափորձերի ընթացքում 47D11 նոր հակամարմինն արդյունավետ է եղել ոչ միայն SARS-CoV-2 վիրուսի դեմ պայքարում, այլև դրան նախորդած SARS-CoV-ի դեմ, որը ծանր ընթացքով սուր շնչառական համախտանիշի հարուցիչն է։ Այս հակամարմինը թիրախավորում է սպիտակուցային «փշերը», որոնք կորոնավիրուսներին թագի տեսք են հաղորդում և թույլ են տալիս ներթափանցել մարդու բջիջների մեջ։ Սա նշանակում է, որ այն կարող է արդյունավետ լինել կորոնավիրուսի տարբեր տեսակների դեմ պայքարում։
Հակամարմինների ստեղծման համար օգտագործվել են գենետիկորեն ձևափոխված մկներ։ Երբ պարզ դարձավ, որ 47D11-ը չեզոքացնող ակտիվություն է ցուցաբերում, մասնագետները որոշեցին այն փոփոխել և ստեղծել այնպիսի հակամարմին, որը հարմար կլինի մարդկանց օրգանիզմին։
Նոր հակամարմինը դեռ պետք է կլինիկական փորձարկումներ անցնի, և ստացված արդյունքների հաստատման դեպքում այն կթեստավորվի նաև կենդանիների և մարդկանց վրա։ Առայժմ այս հակամարմինը չի կարելի կիրառել բժշկության մեջ, սակայն ապագայում այն կարող է օգնել կանխել վարակումն ու բուժել արդեն իսկ կորոնավիրուսով վարակված հիվանդներին։
![]()