«Իմ նշած 10 000 թիվը հավանական սցենար է…». ԱՆ նախարարի կանխատեսումները մայիսի վերջին կորոնավիրուսի դեպքերի մասին

Եթե մեկ ամիս առաջ սրճարանները բացվեին, չունեինք կանոնները, հիմա ունենք, ու որևէ մեկի մոտ հարց չի կարող ծագել՝ ինչպե՞ս բացի իր բիզնեսը, որ աշխատողները չվարակվեն: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ այդ ամենը փաստաթղթավորված է, իրավական տեսք է ստացել, և կանոնները չպահպանելը բերելու է պատասխանատվության:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ մայիսի վերջին կորոնավիրուսով վարակվածների ի՞նչ թիվ կարող ենք ունենալ:

«Իմ նշած 10 000 թիվը հավանական սցենար է»,- ասաց նախարարը:

Հարցին՝ դա բա՞րձր ցուցանիշ է, նախարարը պատասխանեց.

«Դա բարձր է այն իմաստով, որ ավելի շատ է, քան կկարողանանք բոլորին պահել հսկողության տակ: Հավանաբար ոմանց կուղարկենք տուն: Բարձր չէ այն իմաստով, որ ամեն դեպքում ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը կկարողանանք սպասարկել, ու էլի ամեն ինչ կախված է այդ 10 000-ին հաջորդող քայլից:

Տարբեր կարծիքներ կան, որ, օրինակ, կոլեկտիվ իմունիտետ է ձեռք բերվում: Ճիշտ է՝ ունեցել ենք դեպքեր, որ անձի մոտ նորից է կորոնավիրուս հայտնաբերվել, բայց գիտական հանրույթը հակված է նրան, որ դա ոչ թե կրկնակի վարակ է, այլ պարզապես վիրուսի շարունակական արտահայտություն մարդու մեջ, այսինքն՝ վիրուսի գենետիկ նյութի, ոչ թե բուն վիրուսի, և այդ մարդը վարակիչ չէ»:

Թորոսյանի գնահատմամբ՝ նույնիսկ եթե մեծ թիվ լինի, պետք է կայունություն ունենանք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ