![]()
Արփի Գաբրիելյանը, Միհրան Ծառուկյանը, Քրիստինե Պեպելյանը, Սիլվա Հակոբյանը, էրիկը, Սարգիս Ավետիսյանը, Յանա Հովհաննիսյանը և Գոռ Եփրեմյանը կատարում են նոր երգ՝ «Շնորհակալ ենք», որը նվիրվում է բժիշկներին։ Երգի հեղինակն Էդգար Ալեքսանյանն է։
Երգի հիման վրա Film factory ընկերությունը նկարահանել է տեսահոլովակ, որի պրեմիերան կլինի վաղը։ Նախագծի պրոդյուսեր Արա Բաղդասարյանը նշեց, որ պրեմիերան մայիսի 1- ին անելը պատահական ընտրություն չէ: «Քանի որ Մայիսի 1-ը նշվում է որպես աշխատողների օր, ցանկանում ենք այս քայլով ընդգծված հայտնել մեր շնորհակալությունը բուժաշխատողներին, որպես իրական հերոսների, որովհետև հատկապես այս օրերին նրանք օր ու գիշեր անձնվիրաբար աշխատում են, որպեսզի հասարակությունը լինի առողջ»:
Արան հայտնեց, որ նկարահանումներն իրականացրել են սանիտարահիգիենիկ խիստ պայմաններում։ «2 օր մասշտաբային նկարահանումների արդյունքում կներկայացնենք գեղեցիկ տեսահոլովակ, ոգեշնչող երգ և հուզիչ պատմություն: Առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալություն հայտնել թե՛ երգիչներին, թե՛ ստեղծագործական ու տեխնիկական անձնակազմին, այս գաղափարի շուրջ իրենց պատրաստակամությունը հայտնելու և այն կյանքի կոչելու համար»:
Տեսահոլովակի ռեժիսորը Հարութ Շատյանն է։ Այն ունի սյուժետային գիծ, սակայն հեղինակները նախընտրում են չբացահայտել սցենարը։
![]()
Film factory ընկերության և Duetro ստուդիայի համագործակցությունն ակամա է ստացվել։ Էդգար Ալեքսանյանն էլ պատմեց, որ երգը ծնվել է ապրիլի 17-ին։ Մինչ ինքը մտածում էր այս գաղափարի շուրջ՝ զանգ է ստացել պրոդյուսեր Արա Բաղդասարյանից, ով ասել է, որ ուզում են աշխատանք ներկայացնել՝ որպես երախտագիտություն բժիշկներին։
![]()
«Շատ ուրախացա, որ ակամա ստացվեց մեր համագործակցությունը։ Երգիչների հետ համագործակցությունն էլ շատ լավ ստացվեց։ Չի եղել որևէ մեկը, ում առաջարկ ենք արել, մերժել է»,- ասաց Էդգարը։
![]()
![]()