Կվերանորոգվի Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհը

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնում է, որ մարզի Մարտունի քաղաքով անցնող Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 1,5 կիլոմետրանոց հատվածը կհիմնանորոգվի պետական միջոցների հաշվին:

«Ճանապարհի հիմնանորոգման նախահաշվային արժեքը կազմել է 652 միլիոն 202 հազար դրամ: Կասֆալտապատվի շուրջ 25 հազար 500 քառակուսի մետր մակերես ընդգրկող ճանապարհ, որից 12 հազար 300 քառակուսի մետրը կկազմի ճանապարհի երթևեկելի մասը, 4200 քառակուսի մետր ասֆալտապատում էլ կկատարվի մուտքերում և ուղիներում:

Հիմնանորոգվող հատվածն ընդգրկում է Մարտունի քաղաքի Կամոյի փողոցը՝ սկսվելով Մարտունի գետի կամրջի մոտից և ավարտվելով Աբովյան փողոցի խաչմերուկում:

Շինարարական մրցույթը գտնվում է ավարտական փուլում, իսկ աշխատանքները կմեկնարկեն մայիսի երկրորդ կեսից»,- ասված է մարզպետի գրառման մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ