![]()
Սինգապուրի Տեխնոլոգիական եւ դիզայնի համալսարանի գիտնականները կանխատեսել են տարբեր երկրներում կորոնավիրուսի համաճարակի ավարտման ամսաթվերը:
Դրա համար նրանք վերլուծել են 131 երկրներում հավաքված տվյալները։ Կանխատեսումն արվել է՝ ելնելով վարակի տարածման մաթեմատիկական մոդելից։
Ինչպես հայտնում է «Նովոստի Mail.RU»-ն, Ռուսաստանում, օրինակ, վիրուսի տարածումը 97%-ով կավարտվի մինչեւ մայիսի 20-ը, 99%-ով՝ մինչեւ մայիսի 28-ը, իսկ 100% ավարտ կանխատեսվում է հուլիսի 20-ին։ Շրջադարձային պահ է համարվել ապրիլի 24-ը։
Չինաստանում, գիտնականների խոսքերով, համաճարակն ավարտվել է դեռեւս ապրիլի 9-ին։ ԱՄՆ-ին կորոնավիրուսից կհաջողվի վերջնականապես ազատվել օգոստոսի 27-ին, Գերմանիային եւ Ֆրանսիային՝ օգոստոսի 1-ին եւ 5-ին՝ համապատասխանաբար։ Մեծ Բրիտանիան վիրուսից ազատ կլինի օգոստոսի 14-ին։
Փորձագետները կոչ են անում առայժմ պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը եւ թույլ չտալ խաբուսիկ լավատեսությանը խախտել այն։ Ավելին, կարեւոր է ոչ միայն պահպանել բժիշկների բոլոր խորհրդատվությունները հիգիենայի առումով, այլ նաեւ պահպանել հոգեկան առողջությունը։
Հոգեթերապեւտ Միխայիլ Կումովը (Ռուսաստան) նշել է, որ կարանտինի ժամանակ շատ կարեւոր է համաձայնության եւ փոխըմբռնման մեջ լինել հարազատ մարդկանց հետ, չէ՞ որ աջակցությունը, որ ցուցաբերում են հարազատները միմյանց նկատմամբ, անփոխարինելի է։
«Շարունակեք շփվել, նույնիսկ վիրտուալ ձեւով։ Կազմակերպեք վիդեոկոնֆերանսներ ընկերների հետ, կիսվեք ապրումներով, պատմեք, թե ինչպես եք անցկացրել օրը, ծիծաղեք։
Եթե շատ ազատ ժամանակ ունեք, զբաղվեք նրանով, ինչի մասին վաղուց երազում կամ ուզում էիք։ Ժամանակ հատկացրեք ինքնազարգացմանը, գրքեր կարդացեք, առցանց-դասընթացների, առցանց-էքսկուրսիաների, առցանց-համերգների հաճախեք, տունը վերադասավորեք, ոչ ծանր ֆիլմեր եւ սերիալներ նայեք»,- խորհուրդ է տվել մասնագետը։
Ինքնամեկուսացման ժամանակ նաեւ խորհուրդ է տրվում չչարաշահել ալկոհոլը եւ քաղցրը։
![]()