Գավառում զոհված քննիչը ամուսնացած է եղել, ուներ 2 զավակ
Գավառում երեկ տեղի ունեցեծ արյունալի իրադարձությունների ժամանակ զոհված զինվորական քննիչ Զոհրաբ Պարոնիկյանը Գավառի հարակից Հացառատ համայնքից է, Գավառում բնակվել է մորական պապի տանը՝ «Բանդի մայլա» կոչվող փողոցում:
Մենք զրուցեցինք նրանց հարևաններից մեկի հետ, որն ասաց, որ Պարոնիկյանը ամուսնացած է եղել, երկու երեխա է ունեցել: Այս պահին մենք գտնվում ենք Գավառում և դեպքի վայրից հընթացս նոր մանրամասներ կհաղորդենք:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան էջում արձագանքել է Գավառում տեղի ունեցած դեպքի մասին լրատվամիջոցներում շրջանառվող վարկածներին:
«Ոստիկանության պետն այդ պահին գտնվել է կրակոցների դեպքի վայրում՝ համալսարանի շրջակայքում, ոչ թե հիվանդանոցում, իսկ բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել:
Ապրիլի 28-ին՝ ժամը 17.40-ի սահմաններում Գավառում տեղի ունեցած դեպքի առնչությամբ, որի հետևանքով կան երկու զոհ և վիրավորներ, Ոստիկանության օպերատիվ-քննչական խմբերն անհրաժեշտ գործողություններ են իրականացնում: Ձեռնարկվում են միջոցառումներ` կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հարուցված քրեական գործի շրջանակում կատարվում է նախաքննություն:
Ինչպես կրակոցներով, այնպես էլ դրան հաջորդած դեպքերով կան բերման ենթարկվածներ։
Միաժամանակ նշենք, որ լրատվամիջոցները դեպքի հետ կապված չճշտված տեղեկություններ են հրապարակում: Նշվում է նաև, որ հարձակում է եղել հիվանդանոցի վրա, և այդ պահին այնտեղ է գտնվել ՀՀ ոստիկանության պետը:
Ոստիկանության պետն այդ պահին գտնվել է կրակոցների դեպքի վայրում՝ համալսարանի շրջակայքում, ոչ թե հիվանդանոցում, իսկ բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել: Լրատվամիջոցներին կոչ ենք անում չճշտված տեղեկություններ չհրապարակել:
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- գրել է նա: