Արթիկում կորոնավիրուսով վարակված հիվանդի ընտանիքի 13 անդամները մեկուսացված են

Արթիկում նոր կորոնավիրուսով վարակված 65-ամյա տղամարդը ապրիլի 23-ին վատ ինքնազգացողութամբ դիմել է Արթիկի պոլիկլինիկա, որտեղ էլ վերջինիս առաջին բուժօգնություն են ցուցաբերել: Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արթիկի բժշկական կենտրոնի տնօրեն Բաբիկ Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ պացիենտը ունեցել է թոքերի քրոնիկ հիվանդություն:

«Ապրիլի 23-ի ցերեկը ընտանեկան բժշիկին է դիմել հիվանդը, նախ՝ նրան ուղեկցել են մեկուսարան, որն առանձնացրել ենք նման գանգատներով հիվանդների համար: Այնուհետև նրան ռենտգեն են արել ու պարզվել է, որ նոր սկսվող թոքաբորբային պատկեր ունենք: Ասեմ, որ պացիենտը նաև քրոնիկ բրոնխիտներ ուներ:

Բուժաշխատողները, որոնք արդեն նախապես տեղեկացված էին, թե նման հիվանդների հետ ինչպես են աշխատում ու նմուշառում կատարում, նմուշառում են վերցրել, ուղարկել լաբորատորիա՝ պարզելու՝ արդյո՞ք նոր վիրուսով վարակված է, թե՞ ոչ:

Պատասխաններն այս գիշեր ժամը 01:15-ին ունեցանք արդեն, որը դրական էր: Այս ընթացքում պացիենտը մեկուսացված է եղել տանը: Կինը բուժաշխատող է եղել, հետևաբար նրանք արդեն լավ գիտակցում էին ու ենթարկվում մեր ցուցումներին, թե ինչ է պետք անել: Մենք նաև հետաքրքվել ենք տան անդամների առողջական վիճակով, տանը ունեն հղի հարս, բայց գանգատներ չունեն: Այսօր առավոտյան վիրուսակիր հիվանդին արդեն տեղափոխել են Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց»,- ասել է Արթիկի բժշկական կենտրոնի տնօրենը:

Արթիկի բժշկական կենտրոնի տնօրենը նաև հայտնել է, որ ախտահանվել են հիվանդանոցի ամբողջ շենքն ու բուժսենյակները, որտեղ եղել է պացիենտը, ինչպես նաև մեկուսարանը: Իսկ հիվանդին բուժզննում կատարած բժիշկներն ու քույրերը եղել են արտահագուստներով ու հատուկ պաշտպանիչ միջոցներով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ