«Սա հանցագործություն է առանց վաղեմության ժամկետի…». Սոլովյովը՝ Հայոց ցեղասպանության մասին

Ռուս հայտնի լրագրող, հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովն այսօր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 105-րդ տարելիցի օրը, հրապարակել է անմոռուկի լուսանկարը՝ որպես այդ ողբերգական իրադարձությունների գլխավոր խորհրդանիշ եւ մակագրել.

«Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 105-րդ տարին է։ Հանցագործություն՝ առանց վաղեմության ժամկետի»,- նկարին կից գրել է Սոլովյովը:

Հիշեցնենք՝ հեռուստահաղորդավարը բազմիցս է խոսել Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության եւ հայտարարել Հայաստանի նկատմամբ իր սիրո, հայերի նկատմամբ՝ հարգանքի մասին:

Հիշեցնենք, որ այսօր ապրիլի 24-ն է,  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ 

Ամեն տարի ապրիլի 24-ին  Ծիծեռնակաբերդ այցելությամբ և անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհելով ոգեկոչել ենք Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը: Սակայն այս տարի ավանդական երթը չի կայանա. Մեծ եղեռնի 105-րդ  տարելիցի միջոցառումները կանցկացվեն հեռահար՝ հաշվի առնելով արտակարգ իրավիճակով պայմանավորված առողջապահական սահմանափակումները։  Հայաստանի կառավարությունը հանդես է եկել նախաձեռնությամբ, որը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում  խորհրդանշական ներկայության հնարավորություն կտա:

Քաղաքացիները կարող են հաղորդագրություն ուղարկել 1915 կարճ համարին Հայաստանից, և 0037433191500 համարին՝ արտասահմանից։ Հաղորդագրություն ուղարկած քաղաքացիների անունները կարտացոլվեն հուշահամալիրի սյուներին` այդպիսով ազդարարելով իրենց խորհրդանշական մասնակցությունը և հարգանքի տուրքը Սուրբ նահատակների հիշատակին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ