![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մանկատների աշխատողների աշխատավարձի բարձրացման հարցի քննարկման ժամանակ, նշեց՝ կարևոր է արձանագրել, որ աշխատավարձերի այսպիսի բարձրացմամբ ոչ միայն այդտեղ աշխատող անձանց սոցիալական խնդիր են լուծում, այլև այդ հաստատություններում գտնվող երեխաներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման հարցը, քանի որ դրանով պահանջներն ավելին են լինելու:
«Սա շատ կարևոր արձանագրում է, որ մենք այս ուղղությամբ պետք է առաջ շարժվենք»,- ասաց նա:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը վարչապետին ասաց՝ իրենց հաճախ մեղադրում են միջոցներ խնայելու մեջ: Վարչապետն արձագանքեց, որ դա տարօրինակ է:
«Մեզ չեն մեղադրում, որ էդ միջոցներն անարդյունավետ ծախսվում են: Այդ հաստատություններում ստեղծվել է աղետալիին մոտ իրավիճակ՝ հոգեբանականից սպասարկման մակարդակ, շատ տարօրինակ է, երբ մենք բոլոր ոլորտներում սկսում ենք միջոցներն արդյունավետ օգտագործել, մեզ մեղադրում են միջոցներ խնայելու մեջ, դա լավ մեղադրանք է, ես ուրախ եմ դրա համար»,- ասաց վարչապետը:
Խոսելով մանկատան աշխատողի աշխատավարձի բարձրացման մասին՝ վարչապետը շեշտեց՝ մանկատան դայակին հիմա էլ չեն կարող ասել, որ 90 հազար դրամը մեծ աշխատավարձ է, և այստեղ կա օբյեկտիվ ցուցանիշ:
«Խոսքը ոչ թե այն մասին է՝ այդ դայակն ուզո՞ւմ է պատշաճ որակի ծառայություն մատուցել, թե՞ ոչ, հարցն այն է՝ ինքը բավարար գիտելիք, հմտություն ունի՞ այդ ծառայությունը մատուցելու համար: Աշխատավարձի հարցն այնպես չէ, որ մենք մարդկանցից ուզում ենք փողով վերաբերմունք գնել, հակառակը՝ ուզում ենք աշխատատեղը գրավիչ դարձնել, հակառակ դեպքում մենք մանկատան երեխային, որի պատասխանատուն պետությունն ու կառավարությունն է, դայակ ենք վարձում ու վճարում 50-60 հազար դրամ: Ի՞նչ ենք անում, այդ երեխային, ըստ էության, մատնում ենք անտերության, ոչ թե նրա համար, որ այդ դայակը վատ մարդ է կամ նախատրամադրված է, այլ որովհետև դա բարձր որակավորում պահանջող աշխատանք է, և ոչ մի բարձր որակավորում ունեցող մասնագետ չի գնա, մտնի այդ ծանր պատասխանատու աշխատանքի տակ, դա հոգեբանական և այլ գիտելիքներ պահանջող աշխատանք է»,- ասաց նա:
![]()