![]()
ՀՀ կառավարության որոշմամբ՝ սպայական կազմն ու պայմանագրային զինծառայողները կօգտվեն բուժսպասարկման արտոնություններից: Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց «Սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 28-ի N 517 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց՝ նախկինում ժամկետային զինծառայողները ստանում էին 100 տոկոս փոխհատուցում բարդ և թանկարժեք վիրահատությունների դեպքում, իսկ պայմանագրայինները և սպայական անձնակազմը օգտվում էին համավճարային փոխհատուցումից: Նախարարը խոսեց նաև չզեկուցվող, բայց համանման մեկ այլ նախագծի մասին՝ զինծառայողներին հավասարեցված անձանց ծնողների մասին:
«Այս նախագծով իրավիճակը փորձում ենք ուղղել, տարբեր փաթեթները, որպես այդպիսին, դառնում են մեկը, այս կերպ և չեն խճճվի, և կունենանք ավելի արդար վերաբերմունք՝ մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների համար, ովքեր զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց՝ ոստիկանների, ԱԱԾ աշխատակիցների, ԱԻՆ աշխատակիցների ծնողներն են»,- ասաց նա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ ինչի՞ց են օգտվելու նրանք, ընդգծեց՝ ամեն դեպքում շրջանակ է սահմանված, որից դուրս վճարումների կարիք կարող է լինել:
«Սահմանված ամեն ինչից»,- ասաց Թորոսյանը:
Վարչապետը խնդրեց որոշակիացնել, ի պատասխան՝ նախարարը մեկ-երկու օրինակ բերեց, թե որ դեպքում պետք է ժամկետային զինծառայողի ծնողն ինչ-որ վճարում անի: Թորոսյանը նշեց՝ եթե կոնքազդրային հոդի պրոթեզավորում է իրականացվելու, պրոթեզի գումարը չի փոխհատուցվում, բայց վիրահատությունը փոխհատուցվում է:
Փաշինյանը նկատեց՝ երբեմն, եթե ամեն ինչ պետպատվեր չէ, տպավորություն է՝ ոչինչ պետպատվեր չէ: Նա կարևորեց տեղեկության ճիշտ փոխանցումը, որ թյուրընկալումների դեպքում տպավորություն չլինի, թե մարդկանց խաբում են:
![]()