![]()
Հանրային հեռուստաընկերության նախկին լրագրող Հասմիկ Առաքելյանը անդրադարձել է Հ1-ում իր աշխատանքի ժամանակահատվածին․
«Երկար էի սպասել այն օրվան, երբ դիմացինի հետ վատ վարվող մարդիկ կտեսնեն ու կզգան իրենց մաշկի վրա այդ վատ վերաբերմունքի ամոթալիությունն ու ցավալիությունը: Պետրոս Ղազարյանն ու Մարգարիտա Գրիգորյանը հեռացվեցին Հ1-ից:
Նախկինում չեմ անդրադարձել այս թեմային, բայց հիմա պատրաստվում եմ հերթով ներկայացնել տարբեր դրվագներ այս մարդկանց գործելաոճից:
Հանրային հեռուստաընկերությունում ինձ քաղաքական հետապնդման են ենթարկել. քաղաքական հետապնդում պայմանավորված իմ բարեկամական կապերով (դրա մասին առաջիկայում կխոսեմ), քաղաքական հետապնդում պայմանավորված նրանով, որ ըմբոստացել եմ պրոֆեսիոնալ ժուռնալիստիկային հակասող երևույթների դեմ:
Միայն մի բան կպատմեմ` ինձ ստիպել են, որ բանակաշինության մասին պատմող իմ ռեպորտաժից հանեմ Միքայել Հարությունյանի կադրերը, քանի որ կար քաղաքական նման հրահանգ:
Ինձ քաղաքական հետապնդման ենթարկելով, կեղծ բանսարկություններով հեռացրել են աշխատանքից, ինչն այս պահին դատարանում վիճարկում եմ:
Այս մասին հետո կխոսեմ: Հիմա ուղղակի ուզում էի ասել, որ տիկին Գրիգորյան և պարոն Ղազարյան, դուք ստացել եք այն բումերանգը, որն ավելի վաղ նետել էիք: Իսկ Հանրայինը դեռևս ամբողջովին մաքրված չէ:
Պիտի հեռացվեն նաև բոլոր կատարածուներն ու սուտ մատնություն տվողները»,- գրել է Առաքելյանը։
Նշենք, որ Հանրայինի ղեկավարության և լրագրողի միջև հակասությունների մասին մեզ հայտնի էր դեռևս ամիսներ առաջ։
Մենք տեղեկացել էինք, որ Ղազարյանը պարբերաբար վիճաբանություններ է ունենում լրագրողի հետ, նրան «ներկայացնում» Մարգարիտա Գրիգորյանին, սակայն լրագրողը կարողանում է պաշտպանել ինքն իրեն եւ ապացուցել իր ճշմարտացիությունը։
Մենք ուզում էինք հրապարակում անել այդ մասին, դիմել էինք նաև Պետրոս Ղազարյանին այս հարցով, սակայն նա հերքել էր, որ կան նման տարաձայնություններ:
Ինքը՝ Հասմիկ Առաքելյանն էլ էր դեմ, որ իր մասին որեւէ հրապարակում անենք, ուստի մենք ձեռնպահ մնացինք։
![]()