ԱԺ արտահերթ նիստում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը պարզաբանում ներկայացրեց հարցի վերաբերյալ, թե ինչո՞ւ ապրիլի 20-ից չի վերսկսվել տեքստիլ գործարանների աշխատանքը, ինչի մասին ավելի վաղ հայտարարել էր վարչապետը:
«Պարետատունը հայտարարել էր, որ ամիսի 20-ից կվերսկսվեն աշխատանքները տեքստիլ արտադրությունում, եթե վարակի տարածման ինտենսիվությունը նվազ լինի մեկից: Այս պահին վարակի տարածման ինտենսիվությունը մեկից բարձր է: Եվ դրա հետ կապված պարետատունը լրացուցիչ հայտարարություն կանի»,- ասաց Մակունցը:
Նրա խոսքով՝ ոլորտի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Էկոնոմիկայի նախարարությունում, նրանց առաջարկվել է, որ կանոնների պահպանմամբ աշխատեն միայն այն ընկերությունները, այն արտադրամասերը, որոնք նախապես կդիմեն Էկոնոմիկայի նախարարությանը, որովհետև կան տեքստիլ ոլորտի ընկերություններ, որոնք չեն ուզում առաջարկվող պայմաններով աշխատել: «Ձեռք է բերվել պայմանավորվածություն, և հենց այսօր պարետի համախատասխան որոշումը կայացվելու է, որ այն արտադրողները, ովքեր համաձայն են առաջարկվող կանոնների պահպանմամբ աշխատելուն, ապա դիմում են նախարարություն, որից հետո կարող են շարունակել իրենց գործունեթյունը»,- նշեց Մակունցը: