Պատասխանելով հարցին, թե ինչու Ռուսաստանը չի իջեցնում գազի գինը Հայաստանի համար, Ռուսաստանի արտաքին գործերի նապարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «խնդիրներից մեկը, որը խրոնիկական է և արդեն մի քանի տարի չի լուծվում, ներքին սակագներն են Հայաստանում, որոնք այնպիսին են, որ բարդացնում են գնագոյացման առավելագույնս արտոնյալ մոտեցումների կիրառումը»:
Հիշեցնենք, որ հայ սպառողների համար գազի սակագինը ձեւավորվում է սահմանին գնից, որը որոշվում է երկու երկրների միջկառավարական պայմանագրով, եւ ներքին սակագնից, որը որոշում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը Գազպրոմ-Արմենիայի հայտով, որը 100 տոկոսով պատկանում է Գազպրոմին:
Ժամանակները, երբ Ռուսաստանը կարող էր մատնացույց անել համաշխարհային բարձր գները եւ ասել, որ Հայաստանին էժան գազ է վաճառում, անցել են: Հիմա գազի ու նավթի գներն աշխարհում զրոյանում են Պուտինի նախագահության ժամկետների պես, բայց Հայաստանը շարունակում է վճարել երեք անգամ:
Լավրովն ասում է, որ ներքին սակագները բարդացնում են արտոնյալ մոտեցումները: Սա կամ մաքուր մանիպուլյացիա է, որովհետեւ Լավրովին լավ հայտնի է, թե ինչպես են այդ սակագները ձեւավորվում, կամ էլ ուղիղ մեղադրանք Գազպրոմի հասցեին, որ նրա պատճառով Հայաստանում հակակրանք է առաջացնում Ռուսաստանի նկատմամբ:
Հայաստանը պետք է փորձի վերանայել գազային պայմանագրերն ու գնագոյացման նորմալ մեխանիզմներ ստեղծել: Դա ոչ մի կապ չունի դաշնակցային կամ այլ հարաբերությունների հետ: Անհրաժեշտության դեպքում, ինչպես Լենինը կասեր, «պետք է բռնագրավել բռնագրավվածը»:
Հայտնի է դարձել, որ Հայփոստի կառավարումն անցել է Բարձր տեխնոլոգիաների նախարարությանը: 14 տարի այն կոնցեսիոն կառավարման էր հանձնված արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի ընկերությանը: Նույն մոտեցումը կկիրառվի՞ օրինակ երկաթուղու նկատմամբ: «Մենք մեծ հույս ունենք, որ դատական գործընթացները, որոնք սկսվել են վերջին մի քանի տարիներին Հայաստանում համատեղ ձեռնարկությունների նկատմամբ, ներառյալ Հարավկովկասյան երկաթուղիները, դրանք կկարգավորվեն առանց այնպիսի բաների, որոնք հարիր չեն դաշնակից երկրներին: Անկեղծ խոսում եմ այս մասին, որովհետև որոշակի բարդ վիճակ է ստեղծվել, որում հայտնվել են ռուսական ընկերությունները: Հույս ունեմ, որ բոլոր այս հարցերը կկարգավորվեն», – ասել է Լավրովը: