«Մարդիկ շարունակում են տնետուն գնալ, բակերում հավաքվել». Աշոտ Սարգսյան

ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.

«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում օրական հաստատված դեպքերը` 48, 42, 47, 43, 48, 62, 72: Մեկ շաբաթ առաջ տանը չմնալու արդյունքը երևում է այսօր, և մեկ շաբաթից էլ կերևա այս մի քանի օրվա տանը չմնալու արդյունքը:

Գիտեմ, որ ձանձրալի է, գիտեմ, որ աշխատել եք ուզում, սակայն կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում տանը մնալով` դուք կոտրում եք վարակի տարածման շղթան: Հաճախ տեսնում եմ դժգոհություններ այն մասին, որ պետությունը խիստ չի, բայց վստահեցնում եմ ձեզ` ինչքան էլ ոստիկանությունը բոլորին տուն ուղարկի, միևնույնն է, մարդիկ շարունակում են շենքերում իրար հետ շփվել, տնետուն գնալ, բակերում հավաքվել… »:

Հավելենք, որ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 22-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 72 նոր դեպք։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1473-ի։

Ապաքինվել է 633 պացիենտ (ապրիլի 21-ի դրությամբ՝ 609)։ Ներկայում բուժում է ստանում 816 մարդ։

Մինչ օրս գրանցվել է մահվան 24 դեպք։

Ընդհանուր անցկացվել է 14966 թեստ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ