![]()
Կորոնավիրուսին առնչվող և հասարակությանը հուզող մի շարք թեմաների առնչությամբ Sputnik Արմենիան զրուցել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ։
«Կորոնավիրուսով վարակված թե՛ երեխաների, թե՛ հղիների առողջական վիճակը լավ է։ Նրանց մեջ չկան ծանր վիճակում գտնվողներ։ Ի դեպ, երեխաների և հղիների տվյալները երեկ երեկոյի իմ ունեցած տվյալներն են»,–ասաց նախարարը։
Թորոսյանի խոսքով` նորածինը, որի մայրը կորոնավիրուսով էր վարակված, թեստավորվել է, և նրա մոտ վարակ չի հայտնաբերվել։ Կնոջ մոտ նույնպես երկրորդ թեստը բացասական է եղել։
Նախարարը հայտնեց, որ կորոնավիրուսի ամբողջական վերացում առնվազն տեսանելի ապագայում չի լինելու։ Նա նշեց, որ իրենց խնդիրը վարակի աճի տեմպի նվազմանը հասնելն է։ Սա կբերի նրան, որ մարդիկ կբուժվեն, և նոր դեպքեր չլինելու պարագայում վարակը կվերանա։ Իհարկե, ըստ Թորոսյանի, սա շատ լավատեսական և ֆանտաստիկ սցենար է։
![]()