![]()
«Գլորիա» կարի ֆաբրիկայի մի քանի տասնյակից ավելի աշխատակիցներ այսօր՝ ապրիլի 21-ին, ներխուժել են գործարան եւ պահանջում են, որպեսզի ֆաբրիկան վերբացվի, որպեսզի իրենք կարողանան աշխատել։
Աշխատակիցներին բարկացրել է այն, որ ֆաբրիկայի ղեկավարությունը որոշել է եւս 1 ամիս երկարացնել աշխատանքի դադարը։
Դեպքի վայր են ժամանել նաեւ ոստիկանները։ Աշխատակիցներից մի քանիսին բերման են ենթարկել։
Այսօր ոստիկաններին չհաջողվեց Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի արտադրամասերից դուրս բերել ավելի քան 2000 աշխատակիցներին, որոնք մեկ ամսվա հարկադիր պարապուրդից հետո աշխատանքի էին եկել առանց պարետի թույլտվության։ Մի քանի աշխատակիցների նկատմամբ վարչական տուգանք ենթադրող արձանագրություն կազմելուց և ոմանց ոստիկանության բաժին տանելուց հետո անգամ կանայք տեղի չտվեցին։
Հարյուրավոր աշխատակիցներ դուրս եկան իրենց արտադրամասերից և ոստիկաններին հարկադրեցին հեռանալ ֆաբրիկայի տարածքից։
«Գլորիայի» աշխատակիցները նշում էին, որ մեկ ամիս շարունակ նստելով տանը` պետության աջակցության որևէ ծրագրից չեն օգտվել։ Փաստեր էին բերում, որ ունեն լուրջ սոցիալական խնդիրներ, որոնք հնարավոր չէ լուծել առանց աշխատանքի։
Մի քանի օր առաջ ֆաբրիկայի սեփականատեր Բագրատ Դարբինյանն «Ազատությանն» ասել էր, որ աշխատակիցներին չի վճարելու հարկադիր պարապուրդի դիմաց և ստիպված կլինի նրանց ժամանակավորապես ազատել աշխատանքից։ Նշել էր, որ ֆաբրիկան չի վերաբացի, անգամ եթե կառավարությունը տեքստիլ արտադրությունը վերսկսելու մասին որոշում կայացնի, ինչը չէր բացառել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գործարարն «Ազատությանն» ասել էր, որ պարետատան պահանջների մի մասը հնարավոր չի լինի ապահովել արտադրության ընթացքում։
![]()
![]()