![]()
Չինացի գիտնականները հայտարարել են, որ հաջողությամբ կատարել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումներ մկների, առնետների և կապիկների վրա: Корреспондент պարբերականի փոխանցմամբ՝ իրենց փորձարկումների արդյունքները նրանք հրապարակել են bioRxiv գիտական գրադարանում:
Ըստ գիտնականների՝ PiCoVacc անվանումը ստացած մաքրված, ինակտիվացված պատվաստանյութի շնորհիվ՝ փորձարկվող կենդանիների օրգանիզմները հակամարմիններ են արտադրել, որոնք ունակ են չեզոքացնել SARS-CoV-2 վիրուսի առնվազն 10 տարբեր շտամներ:
Այդ պատվաստանյութի քիչ կամ շատ դեղաչափերը մասամբ կամ լիովին պաշտպանել են COVID-19-ով վարակվելուց: Ինակտիվացված պատվաստանյութի ստեղծման համար գիտնականներն օգտագործել են Չինաստանում, Իտալիայում, Իսպանիայում և Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով հիվանդացածների թոքերի հեղուկի նմուշներ: Դրանցում առկա վիրուսներից ամենակայունը գիտնականներն ընտրել են՝ որպես «ձևանմուշ» պատվաստանյութ ստանալու համար:
Մկների և առնետների վրա կատարված առաջին փորձարկումները ցույց են տվել, որ կենդանիները շատ լավ են ընդունել պատվաստումը և առաջին ներարկումներից մեկ կամ երկու շաբաթ հետո սկսել են մեծ քանակությամբ հակամարմիններ արտադրել: Այդ հակամարմինները չեզոքացրել են SARS-CoV-2-ի բոլոր 10 շտամմները:
Հաջողության հասնելուց հետո գիտնականները պատվաստանյութը փորձարկել են մակակների վրա: Կենդանիների մոտ իմունային ռեակցիա է առաջացել, որից հետո գիտնականները փորձել են նրանց վարակել նոր տեսակի կորոնավիրուսով:
Փորձերը ցույց են տվել, որ փոքր դեղաչափերի ներարկումը նվազեցրել է հիվանդության ախտանիշների սուր ընթացքը, իսկ դեղաչափի կրկնապատկումը մակակներին լիովին պաշտպանել է հիվանդությունից: Իսկ պատվաստումից հետո վիրուսի հետ երկրորդ անգամ շփվելիս կապիկների մոտ շատ ակտիվ իմունային պատասխան է գրանցվել:
Գործընթացը չի առաջացրել նաև այլ բացասական հետևանքներ, ինչից սովորաբար վախենում են վարակաբանները: Պատվաստանյութի հեղինակները գտնում են, որ սա թույլ կտա անցնել PiCoVacc-ի կլինիկական փորձարկումներին կամավորների վրա: Այդ փորձարկումները կսկսվեն մոտակա ժամանակներս:
Ի դեպ, ներկայումս աշխարհում մշակվում է կորոնավիրուսի դեմ շուրջ 70 պատվաստանյութ:
![]()
![]()