![]()
«Կորոնավիրուսի պատճառով իշխանությունների բոլոր քաղաքական և տնտեսական ծրագրերը տապալվել են, իշխանությունները խուճապի մեջ են», «Ասում են, թե Նիկոլ Փաշինյանը կորցնում է վերահսկողությունը, քանի որ հացի խնդրի պատճառով մարզերում կարող է տնտեսական կոլապս, սոցիալական բունտ հասունանալ»․ այս և նմանատիպ «դատողություններ» գրեթե ամեն օր կարելի է հանդիպել նախկին իշխանությունների կողմից ֆինանսավորվող մամուլի էջերում։
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության վարչության անդամ Վարուժան Ավետիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ նախկին ռեժիմի ներկայացուցիչները պատրաստվում են որևէ հարմար առիթի դեպքում ապակայունացնել իրավիճակը և ռևանշ կատարել։
Մեր ճշգրտող հարցին, թե ինչով է, օրինակ, իր ոտքի տակը փորում գործող իշխանությունը, մեր զրուցակիցն արձագանքեց․ «Ասացի, որ առաջին իսկ օրվանից խուսափեց նախկին ռեժիմի իրավաքաղաքական գնահատականը տալ, որդեգրեց նրանց քաղաքականությունը բոլոր ոլորտներում, հատկապես՝ Արցախի հարցում։ Արմատական, համակարգային փոփոխություններ չեն արվում»։
Վարուժան Ավետիսյանն անդրադարձավ նաև ԱԺ-ի «Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով»-ի աշխատանքներին՝ նշելով, որ դրանով ուզում են Սերժ Սարգսյանին մաքրել ազգային դավաճանությունից։
«Մենք այդ հանձնաժողովն անվանում ենք կոծկիչ հանձնաժողով, տեսնում ենք, որ տարբեր կազմակերպությունների միջոցով ուզում են հանրային տրամադրություններ ստեղծել, որ շահարկվել է ապրիլյան պատերազմի ընթացքը, ոչ մի դավաճանություն էլ չի եղել, իսկ Սերժ Սարգսյանն ազգանվեր և հոյակապ անձնավորություն է, քրեորեն հետապնդելի ոչ մի արարք չի կատարել։ Մինչդեռ ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը համագործակցել է Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ, պլանավորված պատերազմի է պատրաստվել։ Այդ մասին նույնիսկ իր ընդդիմադիր գործունեության ընթացքում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Եվ դրա նպատակն էլ Ադրբեջանին ԵԱՏՄ մտցնելն է եղել։ Սակայն իրենք հիմա հրաժարվում են իրենց նախկին ասածներից և պոպուլիզմ են դրսևորում, ինչն անընդունելի է»,- ասաց մեր զրուցակիցը։
Հետաքրքրվեցինք, թե ինչու է նախապես անվստահություն տածում հանձնաժողովի նկատմամբ, չէ՞ որ Սերժ Սարգսյանն է փորձում իր՝ հանձնաժողով գնալը ներկայացնել այդպիսի լույսի ներքո։
«Նույն հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, երբ ներկայացրեց իր հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ, ամեն ինչ ակնհայտ դարձավ։ Իրենք ընդհանրապես չցանկացան, որ գործից իրազեկ, հեղինակություն ունեցող մեկն ընդգրկվի այդ հանձնաժողովում։ Չմոռանանք, որ այդ հանձնաժողովը ստեղծված չէ պատերազմի քաղաքական, աշխարհաքաղաքական ասպեկտները բացահայտելու համար, այլ ստեղծված է ռազմական ասպեկտները բացահայտելու համար։ Այն ռազմական ոլորտում կատարված թերացումները բացահայտելու նպատակ է հետապնդում։ Մենք չենք ուզում քննարկել այն հարցերը, թե բենզին չի եղել, բենզինի տեղ ջուր է լցրած եղել։ Դրանք այլ հարցեր են։ Մինչդեռ աշխարհաքաղաքական հարցերում պարզություն մտցնելու ցանկություն չկա, այդ պատճառով էլ մենք այդ հանձնաժողովն անվանում ենք կոծկիչ հանձնաժողով։ Եթե ճշմարտությունն ամբողջությամբ չես բացահայտում, ապա կեղծիք ես կատարում»,- ասաց Վարուժան Ավետիսյանը։
Նյութի աղբյուր՝ Առաջին Լրատվական
![]()