![]()
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բողոքել է կորոնավիրուսի առկայությունը ստուգող ռուսական արտադրության թեստերից։ Ըստ Բելառուսի նախագահի՝ դրանք չափազանց շատ են դրական արդյունք ցույց տալիս։ Այս մասին հայտնում է «Эхо Москвы» ռադիոընկերությունը։
Լուկաշենկոն օրինակի համար պատմել է, որ ռուսական թեստերով ստուգումներ են իրականացվել բելառուսական ատոմակայանում։ Դրանք ցույց են տվել, որ անձնակազմի բոլոր 15 անդամները վարակակիր են։ Երկրորդ ստուգումը, որ իրականացվել է չինական արտադրության թեստերով, վարակի առկայության միայն 1 դեպք է ցույց տվել։
Հիշեցնենք, որ բելառուսական կողմը երկար տևած բանակցություններից հետո հայտարարել էր, որ հրաժարվում է ռուսական արտադրության թեստերի գնումից։
Բելառուսի իշխանությունները հրաժարվել են կորոնավիրուսի հայտնաբերման համար նախատեսված ռուսական արտադրության թեստեր գնելուց։ Նախ՝ բանակցությունները չեն հաջողվել, ապա Բելառուսն ուղղակի հրաժարվել է գնումից։ Այս մասին հայտնում է ռուսական Gazeta.ru կայքը։
«Մենք 30 հազար թեստեր գնելու համար բանակցում էինք ռուսական երկու ընկերությունների հետ, բայց այդ բանակցությունները մտան փակուղի։ Իսկ հիմա մեզ այդ թեստերն այլևս հարկավոր էլ չեն», – հայտարարել է Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը։
Նա նշել է, որ իրենց մոտ արդեն սկսվել է թեստերի ինքնուրույն արտադրություն, իսկ մինչ արտադրանքի թողարկումն էլ իրենք արդեն 50 հազար թեստ են ստացել այլ երկրներից։
![]()