![]()
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին։
Վարչապետը ևս մեկ անգամ շնորհավորել է պարոն Հարությունյանին նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և մաղթել հաջողություններ պատասխանատու պաշտոնում։ Զրուցակիցները կարևւորել են Հայաստանի և Արցախի միջև բոլոր ոլորտներում ակտիվ համագործակցությունը։
Արայիկ Հարությունյանը վարչապետին ներկայացրել է նախագահի պաշտոնում առաջիկայում իրականացվելիք ծրագրերն ու գործողությունները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել էր Արայիկ Հարությունյանին Արցախում նախագահի ընտրությունների երկրորդ փուլում հաջողության հասնելու և Արցախի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու առթիվ։
Ինչպես տեղեկացնում են նախագահի մամուլի ծառայությունից, նախագահ Սարգսյանն ասել է, որ Արայիկ Հարությունյանը նախագահի պաշտոնը ստանձնելու է Արցախի համար շատ բարդ ու պատասխանատու ժամանակահատվածում՝ պայմանավորված աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով և մասնավորապես մեր տարածաշրջանում ընթացող բարդ աշխարհաքաղաքական գործընթացներով։
«Արցախի Հանրապետությունը մեկ անգամ ևս ապացուցեց, որ կայացած երկիր է՝ իր պետական մարմիններով և, ամենակարևորը, իր քաղաքացիներով: Այսօր առավել քան երբևէ մենք միասնական ու համախմբված լինելու կարիք ունենք»,-ասել է Հայաստանի նախագահը։
Արմեն Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Արայիկ Հարությունյանը կկարողանա ամրապնդել համերաշխության և հանդուրժողականության մթնոլորտը Արցախում, կազմակերպել և ապահովել Արցախի անվտանգությունը, տնտեսական ու քաղաքական զարգացումը, համախմբել ժողովրդին միասնական նպատակների շուրջ։
![]()