![]()
Գարեգին Բ-ն երեկ անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության հարցին «Հաղորդ լինելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին, կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»,- ասել է նա։
Կաթողիկոսի այս հայտարարությունը փոթորկեց սոցիալական ցանցերը, օգտատերերի, այդ թվում և՝ քաղաքական գործիչների մի մասը ողջունում է նրա այս հայտարարությունը, մյուս մասը՝ հիշեցնում, որ կաթողիկոսը ամուր թելերով կապված է նախկին իշխանությունների և վերջիններիս արատավոր բարքերի հետ։ Բանը հասավ նրան, որ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հիշեց նոր կաթողիկոս ընտրելու անհրաժեշտության մասին:
«Ասեմ, որ հազարավոր ՀՀ քաղաքացիներ արդեն շատ երկար ժամանակ է կարևոր են համարում Ամենայն Հայոց Կաթողիկոսի փոփոխության հարցը: Կարծում եմ` քաղաքացի Կտրիճ Ներսիսյանը, ով տասնամյակներ շարունակ լռել է, լռել է, լռել է, այսօր` նոր իրավիճակում, ազատ կարող է դատարանում երաշխավոր հանդիսանալ քաղաքացի Ռ. Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության համար, և դրա համար բավարար դրամական միջոցներ կգտնվեն»,- ֆեյսբուքում երեկ ուշ երեկոյան գրել էր Սիմոնյանը։
Այսօր էլ factor.am-ի հետ զրույցում Սիմոնյանն ասաց, իսկ ուր էր կաթողիկոսը երբ անազատության մեջ մնալու հետևանքով մահացավ Հաց բերող Արթուր Սարգսյանը, կամ երբ նախկինների օրոք անազատության մեջ էին ընդդիմադիրները, հանձինս Նիկոլ Փաշինյանի։
Կաթողիկոսի հայտարարությանը արձագանքեցին նաև կառավարությունից, նրան հիշեցնելով անձնական երաշխավորության արդեն իսկ ձախողված մի փորձ։ Վարչապետի մամուլի խոսնակն ասել էր․
«Նախ՝ հիշեցնենք, որ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը մինչ այս եղել է Ռոբերտ Քոչարյանի հետ նույն Մարտի 1-ի գործով անցնող, տարբեր հանցանքների, այդ թվում՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն և փողերի լվացմանն օժանդակելու համար մեղադրվող Սամվել Մայրապետյանի անձնական երաշխավորը։ Մայրապետյանը 2019-ի հունվարից բուժման պատրվակով մեկնել է երկրից և չնայած քննչական մարմնի պահանջին և ի հեճուկս Տեր Վահրամ քահանա Մելիքյանի երաշխավորության, չի վերադարձել Հայաստան։ ՀՀ կառավարությունը որևէ մեկնաբանություն չունի Վեհափառի ցանկությունների ու հույսերի վերաբերյալ, միևնույն ժամանակ ակնկալում ենք, որ Մայր Այթոռը կվերագնահատի Մայրապետյանի երաշխավորության պատմությունը և դրա հետևանքով առաջացած վիճակը»,- նշել էր Մանե Գևորգյանը։
Մանրամասները՝ factor.am-ի տեսանյութում:
![]()