![]()
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը սոցկայքի իր էջում գրառում է կատարել
Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ասել է, որ կարևոր է համարում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխումը:
Ասեմ, որ հազարավոր ՀՀ քաղաքացիներ արդեն շատ երկար ժամանակ է կարևոր են համարում Ամենայն Հայոց Կաթողիկոսի փոփոխության հարցը:
Կարծում եմ` քաղաքացի Կտրիճ Ներսիսյանը, ով տասնամյակներ շարունակ լռել է, լռել է, լռել է, այսօր` նոր իրավիճակում, ազատ կարող է դատարանում երաշխավոր հանդիսանալ քաղաքացի Ռ.Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության համար, և դրա համար բավարար դրամական միջոցներ կգտնվեն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը դիրքորոշում էր հայտնել Քոչարյանին կալանքի տակ պահելու մասին:
«Երկու օր առաջ ազգովի, աղոթքով միաբանված տոնախմբեցինք Սուրբ Հարության տոնը, որը դիմավորեցինք համավարակի այս ծանր ու դժվարին իրադրության մեջ։ Այդ առիթով Երկնավորից Ս․ Հարության շնորհների հայցի հետ մեկտեղ Մեր պատգամը հղեցինք աշխարհասփյուռ Մեր ժողովրդին՝ կարևորելով, որ հատկապես համավարակի վտանգի առջև մենք կարողանանք պահպանել մեր մարդկայնությունը, տերունապատվեր սիրով ու հոգատարությամբ շաղախել մեր կյանքն ու գործը, իսկ փորձությունից դուրս գալ ավելի ուժեղ, միասնական ու համախմբված՝ իբրև Քրիստոսին հավատարիմ հարուցյալ ժողովուրդ։
Մարդու աստվածապարգև կյանքը բարձրագույն արժեք է և դրա նկատմամբ հոգածու վերաբերմունքը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է։ Համավարակի այս պայմաններում աշխարհի տարբեր երկրներում տեսնում ենք, որ մասնավոր ուշադրություն է դարձվում ազատազրկման վայրերում գտնվող անձանց, ողջունելի քայլեր են ձեռնարկվում՝ հասարակության համար վտանգ չներկայացնողների ազատ արձակման և կամ խափանման միջոցների փոփոխության՝ զերծ պահելու նրանց վտանգավոր այս վարակից։ Նման հարցերում Եկեղեցու դիրքորոշումը խարսխված է սիրո, խնամքի և գթասրտության աստվածային պատգամի վրա, և այս առումով Մեր հորդորն է, որ հայրենի մեր իշխանությունները շարունակեն այս ուղղությամբ անհրաժեշտ քայլեր նախաձեռնել։
Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հաղորդ լինելով նախագահի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին, կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»։
![]()