![]()
Երեկ ֆեյսբուքում հայտնվեց մի գրառում, որտեղ Երևանի շտապ օգնության կայանի բուժքույր Նազանի Օվականյանն ամոթանք է տալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ այս ծանրաբեռնված օրերին ընդամենը 20 հազար դրամ պարգևավճար ստանալու համար: Բուժքույրն իսկապես 20 հազար դրամ պարգևավճար է ստացել, բայց ինչպես Factor TV-ին փոխանցեց «Շտապօգնության» տնօրեն Թագուհի Ստեփանյանը՝ նա ներգրավված չի եղել կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին առաջին օգնություն ցուցաբերելու աշխատանքներում:
«Դա բուժքույր էր, որը չէր տիրապետում ոչ մի ինֆորմացիայի, որը երկու ամիս է՝ չի աշխատում: Նա աշխատում է հոգեբուժական բրիգադում: Ասեկոսեներով հրապարակել էր ինչ-որ մի նյութ»,- ասաց Թագուհի Ստեփանյանը:
Իսկ ահա կորոնավիրուսի դեմ պայքարող շտապօգնության աշխատակիցներին որպես պարգևավճար տրվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եռամսյա պարգևավճարներից` մարտ ամսվա պարգևավճարների ֆոնդը ամբողջությամբ՝ շուրջ 130 միլիոն դրամ:
«Բժիշկները պարգևատրվել են 95 հազար դրամով, բուժքույրերը՝ 70 հազարով, վարորդները՝ նույնպես 70 հազար դրամով: Սա այն բուժանձնակազմն է, որը մարտի 1-ից աշխատել է»,- նշեց նա:
Բացի այս, Թագուհի Ստեփանյանն ասաց, որ ծանրաբեռնված աշխատանքի համար շտապ օգնության կայանի միջոցներից պարգևատրվել են նաև 1-03 կարգավարական կենտրոնի զանգերն ընդունած ավագ բժիշկները, բժիշկները և բուժքույերը: Նրանք պարգևատրվել են, համապատասխանաբար, հիսուն, երեսուն և քսան հազար դրամի չափով:
Սակայն շտապ օգնության կայանն արդեն հաջորդ ամիս կորոնավիրուսի դեմ պայքարող բուժանձնակազմին պարգևատրելու համար խնդրի առջև կկանգնի: Կառույցը բյուջեում պարգևատրման միլիոնանոց ֆոնդեր չունի, ինչպես Կառավարությունում, Ազգային ժողովում, ՊԵԿ-ում կամ նախարարություններում: Իսկ թե կորոնավիրուսի դեմ պայքար մղող բուժանձնակազմը մյուս ամիս ինչպես է պարգևավճար ստանալու, կառույցի տնօրենը պատասխան չունի. «Դուք հիմա ինձ այնպիսի հարց եք տալիս… Ես չեմ ֆինանսավորողը»:
Կապանի բժշկական կենտրոնում նույնպես սկսել են բուժել նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին: ԲԿ-ի տնօրեն Կարեն Մելքոնյանը Factor TV-ին փոխանցեց, որ պետությունից դեռ պարգևատրման լրացուցիչ բյուջե չեն ստացել: Սակայն կորոնավիրուսի դեմ պայքարում ընդգրկված 20 հոգանոց բուժանձնակազմի խրախուսման համար Մայամիից 17-ամյա մի աղջիկ գումար է փոխանցել:
«17 տարեկան աղջնակ, որը բնակվում է ԱՄՆ-ի Մայամի քաղաքում, իր մարդասիրական քայլն է արել և գումար է փոխանցել մեր աշխատակիցներին: Այն մարդկանց, որոնք աշխատել են այդ հիվանդների հետ»,- ասաց Կապանի ԲԿ-ի տնօրենը:
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցները, որոնք պայքարում են կորոնավիրուսի դեմ, աշխատավարձից զատ՝ 100-ից 150 տոկոս հավելավճար կստանան:
![]()