ԱՄՆ-ում կինը կորոնավիրուսի հետևանքով երեք օրվա տարբերությամբ կորցրել է ամուսնուն և որդուն

ԱՄՆ-ի բնակչուհի Սենդի Բրաունը կորոնավիրուսի հետևանքով երեք օրվա տարբերությամբ կորցրել է ամուսնուն և միակ որդուն։

Կնոջ ամուսինը՝ Ֆրեդի Բրաունը, որի երիկամը ութ տարի առաջ փոխպատվաստվել էր, մահացել է անցյալ շաբաթ՝ մարտի կեսերից կորոնավիրուսի դեմ պայքարից հետո:

Կնոջ խոսքով՝ ամուսնու մահից հետո որդին՝ Ֆրեդի կրտսերը, որը տառապում էր ասթմայով, նույնպես սկսել է վատ զգալ, ջերմել և հազալ։

Հաջորդ օրը նա տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ չի կարողացել հաղթահարել կորոնավիրուսը։

«Իմ երկու տղամարդիկ հեռացան, և ես այստեղ կանգնած եմ Տիրոջ զորությամբ, ոչ թե իմ սեփական ուժով։ Իմ ցավը նկարագրելու համար բառեր չկան։ Աներևակայելի ցավ եմ զգում»,- ասել է Սենդի Բրաունը։

Վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուսի 587 155 դեպք, որից 23 644-ը՝ մահվան ելքով։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 936 697 դեպք, 120 567-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 447 833 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 210 երկրում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ