![]()
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկուհիներից մեկի մոտ ևս հայտնաբերվել է կորոնավիրուս։ Երեկ ստացել են նրա թեստի պատասխանը, որը դրական է եղել։ Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում հաստատեց նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։
«Մեկ բժիշկ ունենք վարակված, հաստատվել է դեպքը երեկ, ինքն ուղղակիորեն աշխատանք չի ունեցել տուբերկուլյոզային բլոկում, որտեղ հիմա մեկուսանում են հիվանդները և մեկուսացման բարձր ռիսկում գտնվող մարդիկ։
Ինքն այնտեղ չի աշխատել, բայց մեծ հավանականությամբ շփում է ունեցել մինչև թեստավորում իրականացրած մարդու հետ, ում կարիք էր եղել բժշկական աջակցություն ցուցաբերել։ Հիմա նաև իրենց օղակն է ամբողջությամբ մեկուսացվել։
Շարունակական գործընթաց է, այս գործընթացի հետ մենք դեռ երկար ենք գործ ունենալու։ Շատ կարևոր է, որ ամեն մեկը՝ բժիշկ, ոստիկան, շարքային քաղաքացի իր տիրույթում շատ պատասխանատու մոտենա այս գործընթացին, պահանջներին, և ինքը նվազեցնի ռիսկի շղթան»,-ասաց մարզպետը։
Վերջինս ասաց, որ այս պահին Շիրակի մարզում պաշտոնապես հաստատված 13 դեպք կա, մեկն էլ Անի խոշորացված համայնքից մահացավ։ «13 դեպք ունենք, որոնց հետ շփված մարդկանց օղակը բացահայտելու ուղղությամբ ոստիկանության և այն բոլոր մարմինների միջոցով, որոնք գործառույթին մասնակցում են, իրականացվում է, այս փուլում շատ կարևոր է օջախների լոկալիզացումը։
Պարզ է, որ այս գործողությունները, երբ որ տնտեսությունը, մարդկային մեծ ներուժը տանն է նստած, չի աշխատում , ամբողջ խնդիրը ռիսկի շղթան նվազեցնելն է, շատ կարևոր է, որ ամբողջությամբ կարողանանք նպատակին հասցնել այս գործողությունները»,-ասաց Տիգրան Պետրոսյանը։
![]()
![]()