«Չգիտեմ, սա բնության վրեժն էր, թե ոչ, սակայն, անկասկած, սա պատասխան ռեակցիան է». Հռոմի պապը՝ կորոնավիրուսի համավարակի մասին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարծում է, որ կորոնավիրուսի համավարակով բնությունը պատասխան հարված է հասցրել մարդկանց՝ էկոլոգիական ճգնաժամն արհամարհելու համար։

Ֆրանցիսկոս պապի կարծիքով՝ աշխարհը պետք է արտադրության և սպառման տեմպերը դանդաղեցնի և սկսի խորհել բնության մասին ու հասկանա նրան։

«Մենք մասնավոր ողբերգություններին չէինք արձագանքում։ Ո՞վ է հիմա խոսում Ավստրալիայի հրդեհների մասին, կամ ո՞վ է հիշում, որ 18 ամիս առաջ սառույցների հալման պատճառով նավակով հնարավոր էր Հյուսիսային բևեռ հասնել։ Ո՞վ է հիմա խոսում ջրհեղեղների մասին»,-նշել է Պապը բրիտանացի կաթոլիկ լրագրող Օսթին Այվերիի հետ ունեցած զրույցի ընթացքում։

Ֆրանցիսկոս պապը կարծում է, որ կորոնավիրուսի համավարակը տեղի է ունեցել մարդկանց՝ բնության նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքի հետևանքով։

«Չգիտեմ, սա բնության վրեժն էր, թե ոչ, սակայն, անկասկած, սա պատասխան ռեակցիան է»,- հայտարարել է Հռոմի պապը։

Նա հավելել է, որ անհանգստացած է որոշ պետական առաջնորդների պոպուլիստական հայտարարություններով։ Նրա խոսքով՝ որոշներն այնպիսի ելույթներ են ունենում, որ Հիտլերին են հիշեցնում 1933 թվականին։

«Ինձ անհանգստացնում է որոշ քաղաքական գործիչների կեղծավորությունը, որոնք խոսում են այն մասին, որ կարող են բախվել ճգնաժամի, աշխարհում սովի խնդրին առերեսվել, սակայն միևնույն ժամանակ զենք են արտադրում»,- նշել է Ֆրանցիսկոս պապը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ