Էլեկտրահարության դեպք Գյումրիում․ քաղաքացիներից մեկին վերակենդանացրել են, վիճակը ծանր է

Այսօր էլեկտրահարության դեպք է տեղի ունեցել Գյումրիում: Քաղաքում հայտնի շինանյութի խանութներից մեկի մոտից շտապօգնության  մեքենաներով «Գյումրի» բժշկական կենտրոն են տեղափոխվել երկու քաղաքացիներ:

«Մեր երկու կարգախմբերը դեռ «Գյումրի» բժշկական կենտրոնից հետ չեն վերադարձել, միայն տեղյակ եմ, որ էլեկտրահարված քաղաքացիներից մեկին մեր բժիշկները տեղում վերակենդանացրել են, մյուսը ունեցել է մարմնական վնասվածքներ: Թե կոնկրետ ինչպես է դեպքը տեղի ունեցել և որտեղ, այս պահին դեռ չեմ կարող ասել»,- SHANTNEWS.am-ին փոխանցեց Գյումրիի շտապօգնության կայանի տնօրեն, բժիշկ Արթուր Մանուկյանը:

Իսկ «Գյումրի» բժշկական կենտրոնից էլ փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը փոխանցեց, որ քաղաքացիներից մեկի վիճակը ծանր է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, անհետաձգելի բուժօգնություն են ցուցաբերում, իսկ մյուս քաղաքացին ընդունարանում է, գլխի շրջանում վնասվածքներ է ստացել, վիճակը լավ է:

Քաղաքացիների առողջական վիճակի ու դեպքի հանգամանքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ