Որ քաղաքացիներին է առաջնահերթություն տրվել Մոսկվա-Երևան տոմսեր ձեռքբերելու հարցում. պարզաբանում

Մոսկվայից Երևան ապրիլի 6-ի (WZ4323) թռիչքի տոմսերի ձեռքբերման հարցում առաջնահերթություն է տրվել այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր վերջին օրերին ՌԴ այլ քաղաքներից տարանցիկ ճանապարհով ժամանել էին Մոսկվա։ Նրանք չէին կարողացել մեկնել Հայաստան չվերթերի չեղարկման պատճառով և ստեղծված իրավիճակում գտնվում էին օդանավակայանում ու հարակից տարածքներում։ Այս մասին տեղեկացնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից։

Հայտարարությունում նաև նշվում է, որ առաջնահերթություն է տրվում բոլոր այն ՀՀ քաղաքացիներին, որոնց վերադարձը հայրենիք խիստ հրատապ և անհետաձգելի է, նրանց թվում են՝ հետվիրահատական վերականգնման անհրաժեշտություն ունեցող և բուժման ցուցումով Հայաստան վերադարձողները, ծայրաստիճան բարդ ֆինանսական իրավիճակում հայտնված քաղաքացիները, մանկահասակ երեխաներով քաղաքացիները և այլք։

Հայտնում են, որ նման քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրվում է նաև հայ համայնքային կառույցների կողմից։ Դեսպանությունից նշում են՝ շարունակում են օգտագործել հնարավոր միջոցները ծագած խնդիրների կարգավորման ուղղությամբ։

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը նաև կոչ է անում հետևել պաշտոնական աղբյուրներից ստացվող տեղեկատվությանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ