Տավուշում հակառակորդի կրակոցից վիրավորված 14-ամյա երեխային այս պահին վիրահատում են

Ինչպես արդեն հայտնել ենք, քիչ առաջ հակառակորդը կրակոցներ է արձակել Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի ուղղությամբ: Կրակոցների հետևանքով երկու զինծառայող է վիրավորվել և 14-ամյա երեխա:

Համայնքի բնակիչները հայտնեցին, որ երեխան դեպքի ժամանակ իրենց տան բակում է եղել:

Փամփուշտը կպել է պատին, բեկոր է առաջացել, որից էլ երեխան վիրավորվել է ուսի շրջանում: Երեխային այս պահին վիրահատում են, նրա կյանքին վտանգ չի սպառնում:  Այս պահին կրակոցներ չկան, իրավիճակը հանգիստ է:

Հիշեցնենք, որ այսօր` ժամը 19:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել, կորուստների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են:

Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների հետևանքով թեթև վիրավորում է ստացել երկու զինծառայող:

Միաժամանակ հակառակորդը թիրախավորել է Բաղանիս և Ոսկևան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա, որը այդ պահին գտնվել է պատշգամբում:

Սահմանագոտում իրավիճակը կայունացնելու և ադրբեջանական զինված ուժերի, այս դեպքում՝ սահմանապահ ուժերի՝ պանդեմիայի պայմաններում ձեռնարկած անպատկառ գործողությունները սաստելու նպատակով ՀՀ զինված ուժերը դիմելու են իրավիճակին համարժեք գործողությունների, ինչի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ