![]()
Խորհրդարանն այսօր արտահերթ նիստ է գումարել: Օրակարգային հարցերը ներկայացնելիս ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ առաջարկվում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարել: Ի թիվս այլ հարցերի, նշվեց նաև՝ հաշվի առնելով, որ կորոնավիրուսը նաև հերձման ընթացքում կարող է տարածվել, առաջարկվում է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով անձի մահվան դեպքում հերձում չիրականացնել:
Արդարադատության նախարարը տեղեկացրեց նաև մեկ այլ առաջարկի մասին, այն է՝ անձի տեղորոշումը պարզելու համար, որի նպատակն է պարզել՝ արդյո՞ք նա շփում ունեցել է վիրուսակրի հետ, հեռախոսազանգերը լսել: Դրա համար տվյալ անձը պետք է հատուկ հավելված ներբեռնի: Այդուհանդերձ, չի թույլատրվում համաճարակի պատրվակով հեռախոսազանգերի բովանդակությանը ծանոթանալ:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, ելույթ ունենալով, նշեց՝ իրեն վաղուց է հայտնի, որ հեռախոսազանգերը լսում են, թեպետ չի էլ հասկանում՝ ինչ է դա տալիս նրանց:
«Հիմա մարդիկ կիմանան՝ սմարթֆոններ եք նվիրելու: Տեսականորեն էդ բազան ո՞նց է հնարավոր հավաքել, ո՞վ է տիրապետելու ամբողջ տեղեկատվությանը»,- հարց ուղղեց նա:
Բադասյանն ասաց, որ ֆիքսվելու է տվյալ անձի հետ հեռախոսազրույց ունենալու փաստը և հաղորդագրությունը, իսկ տեղեկատվությանը տիրապետելու են Կառավարության կողմից սահմանված մարմինները:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին էլ հետաքրքրում էր՝ ի՞նչ է տալու պետությանը, թե երկու տարբեր թաղամասերից երկու մարդ քանի՞ անգամ են խոսել:
«Պատկերացրեք՝ ինձ մոտ հայտնաբերվում է կորոնավիրուս, իմ կատարած զանգերի, կոնտակտների վերհանումը և հեռախոսազանգի միջոցով ճշտումը՝ արդյո՞ք հանդիպել ենք վարակակրի հետ, քանի որ մարդը կարող է դա նաև մոռանալ, տեղորոշման ճշտումը և տվյալների գեներացումը կարող են օգնել, որ մարդիկկ համապատասխան միջոցներ ձեռնարկեն»,- ասաց նախարարը:
Բադասյանը հայտնեց, որ առանձին դեպքերում հնարավոր է սմարթֆոնի տրամադրում, տվյալ անձի տան առջև՝ ոստիկանի տեղակայում, որ վերջինիս՝ տնից դուրս գալը բացառվի: Նախարարը վստահեցրեց՝ տվյալները հավաքող նույն մարմինն էլ ոչնչացնելու է դրանք:
![]()