Կորոնավիրուսից անձի մահվան դեպքում չիրականացնել հերձում

ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ է անցկացնում, որը նախաձեռնել է կառավարությունը և առաջարկել քննարկել 4 հարց:

Դրանցից երեքը կառավարությունն առաջարկել է քննարկել հատուկ ռեժիմով, այսինքն` երկրորդ ընթերցումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունվելուց 24 ժավա ընթացքում:

Նախագծերը ներկայացրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Ըստ այդմ` օրակարգում ընդգրկված է 4 հարց:

Օրակարգի առաջին հարցը նախատեսում է փոփոխություն «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքներում:

«Հաշվի առնելով կորոնավիրուսի պանդեմիայի տարածման տեմպերը` անհրաժեշտություն է առաջացել ժամանակակից տեխնոլոգիաներով միջոցառումներ իրականացնել, ստեղծվել է փորձագետների հատուկ խումբ, որը մշակել է կանխարգելման ամենաարդյունավետ միջոցները, ուսումնասիրել այլ երկրների առաջատար փորձն այս ոլորտում։ Այս ամենը հաշվի առնելով՝ մշակվել է այս նախագիծը: Առաջարկվում է օպերատիվ կերպով ներդնել թվային տեխնոլոգիաների միջոցով համաճարակի կանխարգելման նոր մեխանիզմ»,-ներկայացրել է Ռուստամ Բադասյանը:

Օրակարգի երկրորդ հարցը վերաբերում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելուն:

«ՀՀ-ում գործող ախտաբանաանատոմիական ծառայություններ մատուցող կազմակերպությունները չունեն կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացած անձանց հերձում իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ և չեն բավարարում դրա համար նախատեսված միջին պայմանները։ Հերձման արդյունքում կարող են առաջացնել վարակի անդառնալի հետևանքներ, ինչպես նաև վարակելիության հետևանքն ամբողջությամբ բացահայտված չէ, բացահայտված չէ դիակի մեջ կորոնավիրուսային հիվանդության ապրելիության ժամանակահատվածը, անհրաժեշտ է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով անձի մահվան դեպքում չիրականացնել հերձում»,-նկարագրել է նախարարը:

Երրորդ հարցի բովանդակությունը չի վերաբերում կորոնավիրուսի համաճարակին, և այն միակ հարցն է, որը չի առաջարկվում քննարկել հատուկ ռեժիմով: 2019 թ հոկտեմբերի 19-ին ՀՀ կառավարության և Վերակառուցման ու զարգացման բանկի միջև կենսական նշանակության ծրագրի երկրորդ ֆինանսավորման նպատակով ստորագրվել է կենսական նշանակության ճանապարհի վարկային համաձայնագիրը, որի համաձայն՝ ուժի մեջ մտնելու վերջնաժամկետը 180 օր է, որը լրանում է ապրիլի 7-ին:

Օրակարգի չորրորդ հարցով առաջարկվում է լրացումներ կատարել «Բաժնետիրական ընկերությունների մասին» և մի շարք այլ օրենքներում և բաժնետիրական ընկերություններին հնարավորություն տալ հեռակա տարեկան ժողովներ անցկացնել և իրականացնել հեռակա քվեարկություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ