Գերմանահայ Ալբերտ Թովմասյանի նախաձեռնությամբ՝ Գերմանիայում բնակվող մոտ տասը ընտանիք ապրիլից սկսած ամեն ամիս նվազագույնը 5 եվրո կփոխանցի Հայաստանում գործող զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Այդ մասին 1lurer.am-ին ասել է Գերմանիայի Լեեր քաղաքում ապրող Ալբերտ Թովմասյանը:
«Նաև հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված այս վիճակը, ինչից զերծ չմնաց նաև Հայաստանը, ամսական նվազագույնը 5 եվրո կփոխանցենք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին՝ դրանով մեր ներդրումն ունենալով հայկական պաշտպանության համակարգի ամրապնդման գործին»,- նշել է Ալբերտ Թովմասյանը:
Նա հատկապես ողջունել է ինտերնետային «PayPal» համակարգը, որի միջոցով առանց գումար ծախսելու, հնարավոր է փող փոխանցել հիմնադրամին:
Ալբերտ Թովմասյանի խոսքով՝ առաջարկին է միացել նաև ֆրանսահայ, Լե Ման քաղաքում բնակվող Արմեն Մեսրոպյանը: Նրա նախաձեռնությամբ ֆրանսահայ ընտանիքներ ևս գումար կփոխանցեն Զինծառայողների հիմնադրամին:
Գերմանահայ Թովմասյանի առաջարկին արձագանքել են Գերմանիայի Լյուբեկ քաղաքից Արսեն Եզակյանը, նաև Նիդեռլանդներից Ռոտերդամում բնակվող Կարեն Խաչատրյանը: Գերմանահայ Ալբերտ Թովմասյանը կոչ է արել սփյուռքի հայրենակիցներին միանալ իրենց նախաձեռնությանը և անկախ կորոնավիրուսից և դրա հնարավոր հետևանքներից, յուրաքանչյուրն իր հնարավորության սահմանում, ով որքան կարող է և ցանկանում է` սկսած 1 դոլարից, ներդրում ունենալ հայկական բանակի հզորացման գործին: «Այս նախագիծը կլինի շարունակական»,- ասաց Թովմասյանը: