![]()
«Արտադրամասերի մեծ մասը փակ է: Մարզերում թեթեւ արդյունաբերական արտադրամասեր կան, որոնց աշխատակիցները չգիտեն՝ իրենց աշխատավարձը պահպանվելո՞ւ է այս ընթացքում:
Լոռիում, օրինակ, մի քանի հազար աշխատակից ունեցող արտադրամասեր կան: Եթե մարդիկ աշխատավարձ չստանան, սոցիալական մեծ խնդիր է առաջանալու»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց.
«Համաձայն եմ մտահոգության հետ, բայց աշխարհի անգամ զարգացած արդյունաբերական երկրների փողոցներում մարդ չկա: Կորոնավիրուսը համաշխարհային պանդեմիա է: Տպավորություն է, որ աշխարհն իր կյանքով է ապրում, իսկ կորոնավիրուսը մտել է ՀՀ, եւ ազնիվ մեր ցեղը կորչելու է զուր տեղը…
Ամբողջ աշխարհում է այդպես: Վաղը կառավարությունում հինգ փաթեթ կընդունվի, որոնք կքաջալերեն բիզնեսին, որպեսզի մարդկանց աշխատավարձերը տան: Խրախուսելու ենք աշխատատեղ չկրճատող եւ աշխատավարձ վճարող բիզնեսներին: Մի մասի աշխատավարձը կառավարությունն է վճարելու: 100 հազար դրամ ենք տալու այն երեխաներին, որոնց ծնողները կորցրել են աշխատանքը»:
![]()