![]()
«Այս տարի մրցույթները մեկնարկեցին բավականին շուտ: Դրանք հայտարարվել էին դեռևս նախորդ տարի: Ծրագրով հիմնականում ցանցատիպ ճաքերով փողոցների փոսանորոգման աշխատանքներ են»,- ասում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը:
2020թ. Երևանի քաղաքապետարանի ծրագրով կնորոգվի 567.850 քմ ասֆալտբետոնե ծածկ։
Առաջին հասցեներից մեկը Սեբաստիա փողոցն էր։ Այստեղ ընդհանուր 6000 քմ ասֆալտապատ տարածք կնորոգվի։
Որակյալ ճանապարհ ունենալու համար նախ 4-5 սմ հաստությամբ կտրվում ու դուրս է բերվում ասֆալտի վնասված շերտը։ Հետո արդեն փոշեզրկվում և մշակվում է հատուկ նյութով, որն, այսպես ասած, սոսնձի դեր է կատարում: Հերթը գործարանից բերված տաք ասֆալտինն է։
«Տեղադրման պահին ասֆալտի ջերմաստիճանը 110 աստիճանից բարձր պետք է լինի: Փաստացի՝ տվյալ պահին ջերմաստիճանը 1350 է»,- ասում է ինժեներ Մարզպետ Մելքոնյանը:
«Մեծ ծավալներով ասֆալտապատելու դեպքում հարթեցնող մի քանի մեքենա է աշխատում: Օգտագործվում է նաև հատուկ այլ տեխնիկա, որը թույլ չի տալիս, որ ասֆատապատումից հետո ալիքներ առաջանան»,- ընդգծում է Գրիգոր Հարությունյանը:
Այս տարի քաղաքում ասֆալտապատումը կիրականացնի 5 ընկերություն։ Գործի որակը հսկում են տեխնիկական հսկողության ծառայության մասնագետները։
«Յուրաքանչյուր վարչական շրջանում մեր կազմակերպության կողմից հատկացված է առանձին պատասխանատու տեխհսկիչ, որը մշտապես գտնվում է շինհրապարակում: Հսկողության մեջ ներառվում է կապալի պայմանագրի հսկողությունը, որպեսզի շինարարը, համաձայն քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրի, ապահովի նյութերի, աշխատանքների որակը, նաև ֆրեզի տեղափոխումը համապատասխան թափոնավայր: Բացի այդ, 10 հազար քմ-ն մեկ կատարվում է լաբորատոր փորձարկում»,- նշում է տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության տնօրեն Նորայր Բունիաթյանը:
Փոսային նորոգում է նախատեսված նաև մայրաքաղաքի մի շարք այլ փողոցներում, այդ թվում՝ կենտրոնական։
![]()