![]()
Հայաստանում կորոնավիրուսի վարակի 194 հաստատված դեպք կա։ Թիվը երեկ երեկոյան հրապարակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և այն այսօր էլ մնացել է անփոփոխ։
Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են՝ երեկ ազգային լաբորատորիայում հետազոտություններ չեն արվել ախտահանման աշխատանքների պատճառով։ Լաբորատորիան այսօր առավոտից անցել է գործի:
Արձանագրված 194 դեպքերի 75 տոկոսը Էջմիածնից ու Շենգավիթի արտադրամասից են: Էջմիածնից վերջին օրերին վարակակիրներ չեն եղել։
«Էջմիածնի ճյուղի զարգացումը կարողացել ենք կանգնեցնել, մեզ հիմա պիտի հաջողվի կանգնեցնել, աշխատում ենք կանգնեցնել արտադրամասի ճյուղի հետագա զարգացումը», — ասաց վարչապետը:
Պացիենտներից 14-ը թոքաբորբ ունեն, 6-ը վերակենդանացման բաժանմունքում են, բայց առողջապահության նախարարի տեղեկացմամբ՝ ծանր վիճակում չեն:
«Նրանք գտնվում են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ռեանիմացիոն ծառայության հսկողության տակ, ստանում են համապատասխան բուժում, թթվածին, սակայն ինկուբացված չեն, այսինքն թոքերի արհեստական շնչառություն նրանց չի արվում: Այս վեց քաղաքացիների առողջական վիճակն այս պահին գնահատվում է կայուն, այսինքն՝ ծանր չէ», — նշեց Թորոսյանը:
![]()