![]()
Մինչ պետական կառույցները հանրային լայն աջակցությամբ պայքարում էին կորոնավիրուսի տարածման դեմ, «Վատիկանի նկուղներից» հերթական ուղերձը ստացվեց։ Միքայել Մինասյանը, որի անունն այսօր շրջանառվում է մի քանի աղմկահարույց քրեական գործերի հետ կապված, եւ որը, իրենից ոչինչ չներկայացնելով, աներոջ նախագահության տարիներին հասցրել է պաշտոնապես մուլտիմիլիոնատեր դառնալ, հերթական անգամ ծանրագույն մեղադրանքներ հնչեցրեց Հայաստանի վարչապետի հասցեին ու «ազդարարեց», թե նա « դատվելու է այս երկրի, երկնքի եւ պատմության դատարաններում»։
Զուտ մարդկայնորեն նրան, իհարկե, կարելի է հասկանալ։ Հայաստան վերադառնալ չի կարող՝ ամենայն հավանականությամբ կհայտնվի ճաղավանդակների ետեւում, Իտալիայում վիճակը լուրջ է, աներոջ ապագան մշուշոտ է, հայաստանյան բիզնեսները նախկին եկամուտները չեն բերում, նույնիսկ «բիրիքով» ձեռք բերած լրատվամիջոցները չեն կարողանում նորմալ աշխատել՝ կապված ԶԼՄ-ների նկատմամբ կիրառվող սահմանափակումների հետ, եւ այդ ամենը, հասկանալի է, նյարդայնացնում է նրան։ Բայց ձեւացնելը, թե իբր իրեն միայն մեր պետության ու հասարակության ապագան է մտահոգում, ճիշտն ասած՝ չափազանցություն էր անգամ նյարդային լարված վիճակի պայմաններում։ Ու երեւի իմաստ էլ չէր ունենա անդրադառնալ նրա նյարդային գրառումներին, եթե չլիներ մի հանգամանք՝ ըստ էության նա «Վատիկանի նկուղներից» բարձրաձայնում է այն, ինչն այսօր Հայաստանում գտնվող իր քաղաքական թիմակիցների մտքում է։
Եվ այսպես, ի՞նչ է ասում երբեմնի թիվ մեկ փեսան։ «Համաշխարհային փորձը հուշում է, որ աղետների ժամանակ առավելագույն արդյունքի են հասնում լայն կոնսոլիդացիա ունեցող հասարակությունները, որտեղ գոյություն ունի վստահություն ինստիտուտների եւ պետության հանդեպ»։ Բացարձակ ճշմարտություն է։ Իսկ ինչո՞վ է զբաղված այս արձանագրման հեղինակը։
Ճիշտ է, գիշեր-ցերեկ իրեն պատկանող լրատվամիջոցներով ու հենց անձամբ իր հոդվածներով խարխլում է մեր հասարակության վստահությունը ինստիտուտների եւ պետության հանդեպ, այսինքն՝ փորձում է խափանել այն լայն կոնսոլիդացիան, որը պիտի օգներ մեզ առավելագույն արդյունք ապահովել կորոնավիրուսի դեմ պայքարում։
Հասկանո՞ւմ եք, մարդն ասում է մի բան եւ անում է ճիշտ հակառակը։ Դա մոտավորապես նույնն է, թե մեկը, օրինակ, նրա սիրած Իտալիայում հայտարարի, որ բնակչությանն անվճար ալկոգել է բաժանելու, եւ բաժանի կորոնավիրուսով վարակված ինչ-որ հեղուկ։
![]()