Նորարար քահանան մեղքերի թողություն տալու նոր ձև է գտել

Կորոնավիրուսային համաճարակի բռնկման պատճառով ամերիկացի եկեղեցական Սքոթ Հոլմերը մեղքերի խոստովանության նոր մեթոդ է կիրառում, հայտնում է afp.com-ը:

Ամեն օր, բացառությամբ կիրակիի, և եթե եղանակը բարենպաստ է, նա քահանայական հագուստով փայտե աթոռի վրա նստում է Մերիլենդի մատուռի մոտակայքում գտնվող կայանատեղիում և ընդունում է անշփում խոստովանություն և օրհնություն կատարում:

Վարորդները իջեցնում են իրենց պատուհանները և խոստովանում մեղքերը հայր Հոլմերին, ով ճիշտ ճանապարհին վերադառնալու մի քանի հորդորներից հետո նրանց մեղքերին թողություն է տալիս:

Եկեղեցականի մոտ այդ գաղափարը ծագել է այն ժամանակ, երբ տեսել է թե Հարավային Կորեայում ինչպես են վարորդներին ավտոմեքենաների մեջ կորոնավիրուսի թեստավորում կատարում:

«Այսպիսով, ես ասացի. Ես պարզապես կմտնեմ ավտոկայանատեղի, և այդպես կկարողանամ զերծ մնալ հիվանդություն ձեռք բերելուց կամ այդ վարակի փոխանցումից: Այնտեղ բաց տարածք է, և օդի հոսք կա. դա շատ լավ է»,-ասել է հոգևորականը՝ ընդգծելով, որ մարդիկ շատ երախտապարտ են իր կատարած գործի համար:

«Ավելի մեծ երախտագիտություն կա, քան՝ վախ: Երբ մարդիկ մոտենում են ինձ, նրանք զգում են, որ Աստված իրենց հետ է»,-նշել է քահանան:

«Եթե դա ձեռք բերեմ, ես պարզապես կմեկուսանամ. հիմա լավ եմ զգում», – անդրադառնալով կորոնավիրուսով վարակվելու հարցին՝ ժպտալով ասել է 40-ամյա Հայր Հոլմերը:

Սթիվեն Իրվինգը, իր մեքենայի ղեկին սպասելով իր հերթին, բարձր է գնահատել քահանայի «մեծ գաղափարը»:

«Մենք ունենք երիտասարդ, եռանդուն և նորարար քահանա», – ասել է Իրվինգը՝ վաթսուն տարեկան տղամարդը, որ եկել էր իր կնոջ հետ:

Քահանան նախատեսում է շարունակել իր նախաձեռնությունը մինչև եկեղեցին վերաբացվի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ