Մանվել Գրիգորյանի ընտանիքը փակել է Ակնալիճ տանող ճանապարհը. փաստաբանը պատճառներ է նշումՖակտոր տեղեկատվական կենտրոն

ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամները հողաշերտով փակել են Ակնալիճ համայնքում իրենց պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության տարածքի ավտոճանապարհը: Այս մասին Factor.am-ին ահազանգեցին տեղի բնակիչները՝ նշելով, որ չեն կարողանում երեկվանից տարածք մուտք գործել:

Մեզ դիմած բնակիչները նշեցին, որ իշխանափոխությունից հետո, երբ հայտնի է դարձել «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության տարածքը պետությանը նվիրելու փաստը, այն հասանելի է դարձել բնակիչներին: Գյուղացիները կարողացել են այնտեղ գտնվող ջրամբարներից ձուկ որսալ, իսկ մարգագետիններում խոշոր եղջերավորներին արածեցնել:

Այժմ, մեզ փոխանցված լուսանկարների համաձայն, կալվածքի ավտոճանապարհները փակված են հողաթմբերով և քարերով: Բնակիչներն ասում են, որ թեև ոտքով կարող են հասնել ջրամբարների մոտ, սակայն պետք է մեկ կիլոմետր քայլեն:

Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունները, որ ճանապարհը փակվել է հողաթմբերով: Սակայն, փաստաբանի փոխանցմամբ, Գրիգորյանները փակել են միայն ավտոմեքենաների համար նախատեսված ճանապարհը, ինչի համար պատճառներ են ունեցել:

«Քաղաքացիների համար ճանապարհը բաց է, այս պահին էլ այնտեղ անասունների են արածեցնում: Տարածքը որպես սեփականություն փակված է այն անձանց համար, ովքեր ցանկանում են մեքենայով մտնել այդ տարածք: Պատճառն այն է, որ բարբարոսաբար գողանում են այնտեղի կոմունիկացիաները: Այդ տարածքում կան էկզոտիկ կենդանատեսակներ, իսկ երբ հայտարարվեց, որ հանձնվելու է պետությանը, քաղաքացիները սկսեցին անօրինական մուտք գործել տարածք և գողություն անել: Սա է եղել պատճառը, որ սեփականատիրոջ կողմից փակվել են ավտոճանապարհները, բայց քաղաքացիների համար բաց է, նրանց համար առանձին մուտք կա»,- ասաց նա:

աղբյուրը՝ Factor.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ